ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ձեզ ավելի շատ դավաճան ու կապիտուլյանտ են համարում. Փաշինյանը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորին

Ձեզ ավելի շատ դավաճան ու կապիտուլյանտ են համարում. Փաշինյանը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորին

Ես այս ամբիոնից տասնյակ անգամ եմ հայտարարել, որ ամեն ինչի մեղավորն էլ, պատասխանատուն էլ ես եմ, հարյուր անգամ եմ ասել, նախընտրական քարոզարշավում ևս, չգիտեմ էլ քանի անգամ պիտի ասեմ։ Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին  այն մասին, թե վարչապետն արդյոք իրեն Լելե Թեփեի գործողության հետևանքների համար պատասխանատու և մեղավոր ճանաչո՞ւմ է, թե կրկին ասելու է, որ իրեն սխալ են զեկուցել։

Այս առնչությամբ վարչապետն ասաց. ՛՛Ինչ վերաբերում է Ձեր նշած դրվագին, դրա վերաբերյալ տրվել են բազմաթիվ պարզաբանումներ, ես եմ տվել պարզաբանումներ, եթե դրա կարիքը զգում եք, նորից կտամ պարզաբանումը․ ես եղել եմ Ստեփանակերտում, հրավիրել եմ խորհրդակցություն, լսել եմ մարդկանց կարծիքներ, թե ինչ կարող ենք անել իրադրությունը փոխելու վերաբերյալ, հնչել են առաջարկներ, այդ առաջարկները հնչելուց հետո ես խնդրել եմ, հանձնարարել եմ, որպեսզի զինվորականները գնան գնահատեն առաջարկները և կայացնեն որոշում և ՛՛ռեկոմենդացիա՛՛ անեն, թե ինչ է պետք անել։ Զինվորականները քննարկել են, կայացրել են որոշում, ինձ զեկուցել են կայացած որոշման ընթացքի մասին՛՛:

Փաշինյանի խոսքով՝ Լելե Թեփե օպերացիա հասկացություն ընդհանրապես չի եղել։ ՛՛Հետո մտել, պրոպագանդիստական նկատառումով, թե իբր ես ասել եմ՝ Սերժ Սարգսյանը 2016-ին «Լելե Թեփեն» կորցրել է, ինձ համար ունի քաղաքական նշանակություն, գնացեք վերցրեք, դիվիդենտ առաջանա, չգիտեմ ինչ․․․ Դա կատարյալ անհեթեթություն է, այդպիսի խոսակցություն չի եղել և չէր էլ կարող լինել։

Մնացածի մասին հարցազրույցներ են տրվել ժամերով։ Բոլոր մեր հայրենակիցներին, որ այս հարցի մնացած մանրամասները հետաքրքրում են, կարող են հենց հիմա մտնել ինտերնետ, փնտրել և գտնել, ժամերով հարցազրույցներ, քննարկումներ եղել՝ նույնիսկ ով է փախել, կասկածներ կան, թե ով է դիտավորյալ տարել տանկերը հատուկ ակոսի մեջ գցել, որ գործողությունը հնարավոր չլինի շարունակել։ Այդ ամեն ինչի մասին ասված է, և կարծում եմ՝ ձեր խմբակցությունում էլ կան մարդիկ, ովքեր դրա մասին տեղեկություններ ունեն՛՛,-ասաց նա:

Արմենուհի Կյուրեղյանը վարչապետին մեղադրեց իր հարցը վարպետորեն շրջանցելու համար և հարցրեց, թե ինչու է հոկտեմբերի 7-ին պատերազմը կանգնեցվելու առաջարկը մերժվել։

Կյուրեղյանն ասաց. ՛՛Ո՞վ է պատասխան տալու դրանից հետո եղած հազարավոր զոհերի համար, ի՞նչ պատասխան եք տալու այն ծնողներին, որոնց աչքերին պիտի նայեք՝ ասելով, որ գիտե՞ք, այդ քաղաքական մեծ կամքը չունեցա, թեկուզ ինձ դավաճան ասելու գնով։ Միևնույն է այսքանից հետո Ձեզ և՛ դավաճան, և՛ կապիտուլյանտ են անվանում՛՛։

Արձագանքելով նրա խոսքերին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց. ՛՛Ձեզ ավելի շատ դավաճան ու կապիտուլյանտ են համարում, ընտրությունների արդյունքները այդ մասին են վկայում։ Ձեր դավաճան ու կապիտուլյանտ լինելու մասին, կարծում եմ, առաջիկայում ավելի մանրամասն քննարկումներ կունենանք՛՛:

Ինչ վերաբերում է հոկտեմբերի 7-ին, Փաշինյանն ասաց, որ  հոկտեմբերի 7-ի առաջարկն ընդունվել է, պայմանավորվածությունը ձեռք է բերվել, որի արդյունքով Հայաստանի ԱԳ նախարարը Ադրբեջանի ու ՌԴ ԱԳ նախարարների հետ ստորագրել է փաստաթուղթ, որը հրապարակվել է, որը հանրության կողմից լայնորեն ողջունվել ու ընդունվել է, բայց Ադրբեջանը չի կատարել հրադադարի պայմանը:

Նշենք, որ այդ ընթացքում Ռուբեն Ռուբինյանը նկատողություն հայտարարեց Արմենուհի Կյուրեղյանին:

 

  • Կիսվել: