հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ձեր լռությամբ նպաստում եք, որ ՀՀ-ում լինի բռնապետություն. Սաղաթելյանը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին

Ձեր լռությամբ նպաստում եք, որ ՀՀ-ում լինի բռնապետություն. Սաղաթելյանը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին

2018 թվականին հայ ժողովուրդը գնաց լավ կյանքի սուտ խոստումների հետեւից, ոչ թե Արցախի կորստի ու արյունալի պատերազմի, գնաց ավելի ժողովրդավար պետություն ստեղծելու հետեւից, ոչ թե բռնապետություն հաստատելու եւ ժողովրդավարությունը բռնաբարելու հետեւից։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում ՛՛Դիմադրություն՛՛ շարժման հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի այն հայտարարությանը, թե իրենք հանձնառու են օգնել հայ ժողովրդին՝ կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որ հայ ժողովուրդը ընտրել է 2018 թվականին եւ վերահաստատել 2021 թվականի ընտրություններին։

Դիմելով Լին Թրեյսիին՝ Սաղաթելյանն ասաց. ՛՛Հարգարժան դեսպան, ես խորը ափսոսանք եմ հայտնում Ձեր այսօրվա հայտարարության առնչությամբ։ Ինչ վերաբերում է 2021 թվականի ընտրություններին, չնայած այդ խայտառակ ընտրություններին, հայ ժողովուրդը Նիկոլին Արցախը զիջելու եւ առհասարակ երկիրը նոր զիջումների տանելու մանդատ չի տվել։

Եթե որոշ շրջանակներ կարծում են, որ հայ ժողովուրդը դառնալու է նրանց շահերի սպասարկուն, շահերի մանրադրամը, խորապես սխալվում են, հայ ժողովուրդը հիմա այս հրապարակում է՝ հենց դա կանխելու համար։ Սա իշխանության պայքար չէ, սա Հայաստանի ինքնիշխանության համար պայքար է եւ որեւէ մեկը չփորձի ժողովրդավարությունը հակադրել անվտանգության հետ։ Վերահաստատում եմ, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, իսկ Միացյալ նահանգները եւ Եվրոմիության երկրները՝ մեր կարեւոր գործընկերները։

Ի տարբերություն Նիկոլի՝ մենք Մոսկվայում չենք բամբասում ամերիկացիներից եւ եվրոպացիներից, իսկ Վաշինգտոնում եւ Բրյուսելում՝ Մոսկվայից՛՛։

Դարձյալ դիմելով Հայաստանում ԱՄՆ դեսպանին, ինչպես նաեւ՝ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ Սաղաթելյանը հավելեց. ՛՛Վերջ տվեք երկակի ստանդարտներին։ Դուք լռել եք, երբ օրվա իշխանությունները շրջափակում էին դատարանները։ Դուք լռում եք տասնյակ քաղբանտարկյալների դեպքում։ Դուք այսօր լռում եք, երբ ոստիկանությունը ժողովրդի նկատմամբ կիրառում է բռնի եւ անհամաչափ ուժ, դուք ձեր լռությամբ նպաստում եք, որպեսզի Հայաստանում լինի բռնապետություն՛՛:

  • Կիսվել: