չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Դուք եք որոշել Շուռնուխի ճակատագիրը 2010-ին. Փաշինյանը՝ Տոնոյանին

Դուք եք որոշել Շուռնուխի ճակատագիրը 2010-ին. Փաշինյանը՝ Տոնոյանին

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն անդրադարձավ մեր երկրի ներկայիս վիճակին, ընդգծեց, որ ունենք պարտված պետություն, հազարավոր զոհեր, խաթարված տնտեսություն և այլն:

՛՛Սրանից բխում է, որ այս իշխանությունը վարչապետի գլխավորությամբ չի կարող լինել մեր երկրի ֆիզիկական, սոցիալական, տնտեսական անվտանգության երաշխավորը: Այսօր երբ ամեն օր մեր երկրի սահմանային բնագծերը GPS-ով փոխվում են, մոենք շարունակում ենք ահազանգեր ստանալ նաեւ Տիգրանաշենից (Քյարքի): Այսօր ուզում եմ, որ վարչապետը բաց տեքստով ասի՝ արդյոք Տիգրանաշենին չի սպառնում նույն ճակատագիրը, որը բաժին հասավ Շուռնուխին ու Որոտանին՛՛,-նշեց նա:

Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. ՛՛Ստիպված եմ ասել, որ երբեմն տպավորություն է ստեղծվում, որ ասվում են բաներ, որոնց բովանդակության նպատակը պետք է շատ լուրջ հասկանալ: Օրինակ, մի ժամանակ ՀՀ-ում կային քաղաքական գործիչներ, որոնք ասում էին՝ Ալիեւի տեղը լինեմ, հիմա կհարձակվեմ, որովհետեւ շատ հարմար ժամանակ է եւ հարմար է այստեղից մտնել, այստեղից դուրս գալ, շատ հետաքրքրիր կոորդինատներ կան այստեղ, այստեղ եւ այստեղ: Եվ ասում էր դա հրապարակային, ասուլիսում:

Շուռնուխի ճակատագիրը որոշել եք դուք 2010 թվականին, ՛՛Վարչատարածքային բաժանման մասին՛՛ օրենքին կողմ քվեարկելով: Դուք, Ձեր խմբակցությունը եւ այս դահլիճում Ձեր խմբակցությունից կողմ քվեարկողներ կան այդ օրենքին: Այն ժամանակ, որ ընդունում էիք այդ օրենքը, դրա մասին չէիք մտածո՞ւմ:

Ընդհանուր առմամբ կարող եմ արձանագրել, որ հակամարտության արդյունքում կան առաջացած բազմաթիվ հարցեր, որոնք լուծված չեն, մենք էլ ունենք այդպիսի օրակարգ եւ դա քննարկում ենք: Ինչո՞ւ այս ամբիոնից որեւէ մեկը հարց չի բարձրացնում՝ բա Արծվաշեն գյուղի հետ ի՞նչ է լինելու, օրինակ, մոռացե՞լ ենք: Հերիք է ասեք՝ Շուռնուխ-Շուռնուխ, դուք եք որոշել, որ Շուռնուխից էն կողմ ճանապարհից էն կողմ Ադրբեջանն է: Բա որ կողմ էիք քվեարկում, չէիք մտածո՞ւմ: Չքվեարկեիք կողմ, ասեիք՝ Շուռնուխից այն կողմ ԼՂՀ-ն է, Հորադիզ համայնքն է՛՛:

Նրա խոսքով՝ Հայաստանը ոչ Վրաստանի, ոչ Ադրբեջանի հետ չի արել դելիմիտացիա եւ դեմարկացիա: ՛՛Այն իրվական հիմքերով, որով որոշվել է Վրաստանի հետ սահմանը, նույն սկզբունքով որոշվել է կոնկրետ ձեր ասած հատվածում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը: Մնացածը որոշվելու է դելիմիտացիայի եւ դեմարկացիայի ժամանակ: Օրինակ Տավուշի, Սյունիքի կամ Վայոց Ձորի մարզում կան հայկական տարածքներ, որոնք մինչեւ էսօր գտնվում են Ադրբեջանական վերահսկողության ներքո:

Ինչո՞ւ այդ հարցերը չեք բարձրացնում: Ուզում եմ հասկանամ՝ մեր քաղաքական միտքը սնվում է բացառապես ադրբեջանական լրատվամիջոցների՞ց, մեր ընդդիմությունը սնվում է բացառապես Ադրբեջանի խոսույթի՞ց՛՛,-ասաց Փաշինյանը:

 

  • Կիսվել: