չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Դիլետանտ մոտեցում է՝ հայտարարել, թե ով 3000 հեկտարին մոտ հող ունի, թող ցորեն ցանի. Վահե Հակոբյան

Դիլետանտ մոտեցում է՝ հայտարարել, թե ով 3000 հեկտարին մոտ հող ունի, թող ցորեն ցանի. Վահե Հակոբյան

Հայաստանում հացահատիկի մեծ մասը ստանում ենք Ռուսաստանից, բայց քանի որ ՌԴ-ն կարող է սահմանափակումներ մտցնել, մենք կկանգնենք խնդրի առաջ, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը։

«Կառավարության նիստի ժամանակ խոսք հնչեց, թե ով 3000 հեկտարին մոտ հող ունի, թող ցորեն ցանի, դա մի քիչ դիլետանտ մոտեցում է, որովհետև ամեն հողի վրա հնարավոր չէ ցորեն կամ այլ հացատեսակ ցանել և ստանալ», - ասաց Հակոբյանը։

«Հայաստան» խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանն էլ ասաց, թե ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ռիսկերը և տնտեսական հետևանքները մեր տարածաշրջանի համար ակներև են։

«Դրանք արդեն կան։ Բայց կարևոր է նաև արձանագրել, որ կան նաև հնարավորություններ։ Օբյեկտիվորեն կան հնարավորություններ ՀՀ տնտեսական պոտենցիալը մեծացնելու, ներդրումային ներուժն ավելացնելու, և դեպի ՌԴ և ԵԱՏՄ տարածք արտահանումը խթանելու», - ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ կառավարությունը ԿԲ-ի հետ միասին պետք է անի առավելագույնը, որ ռիսկերը հնարավորինս չեզոքացնի, և պոտենցիալ ստեղծի, որպեսզի մենք մաքսիմում օգտվենք այն հնարավորություններից, որոնք այսօր տեսանելի են։

  • Կիսվել: