շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դայակին վճարելով 50 հազար դրամ՝ մանկատան երեխային մատնում ենք անտերության. Փաշինյան

Դայակին վճարելով 50 հազար դրամ՝ մանկատան երեխային մատնում ենք անտերության. Փաշինյան

Այսօր կառավարության նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մանկատների աշխատողների աշխատավարձի բարձրացման հարցի քննարկման ժամանակ, նշեց՝ կարևոր է արձանագրել, որ  աշխատավարձերի այսպիսի բարձրացմամբ ոչ միայն այդտեղ աշխատող անձանց սոցիալական խնդիր են լուծում, այլև այդ հաստատություններում գտնվող երեխաներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման հարցը, քանի որ դրանով պահանջներն ավելին են լինելու:

«Սա շատ կարևոր արձանագրում է, որ մենք այս ուղղությամբ պետք է առաջ շարժվենք»,- ասաց նա:

Նիստում որոշվեց «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի համար նախատեսված 141 միլիոն 358 հազար դրամից 36 միլիոն 685 հազար դրամը վերաբաշխել մնացած ՊՈԱԿ-ներին՝ աշխատավարձի բարձրացման նպատակով:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը վարչապետին ասաց՝ իրենց հաճախ մեղադրում են միջոցներ խնայելու մեջ:

Վարչապետն արձագանքեց, որ դա տարօրինակ է:

«Մեզ չեն մեղադրում, որ էդ միջոցներն անարդյունավետ ծախսվում են: Այդ հաստատություններում ստեղծվել է աղետալիին մոտ իրավիճակ՝ հոգեբանականից սպասարկման մակարդակ, շատ տարօրինակ է, երբ մենք բոլոր ոլորտներում սկսում ենք միջոցներն արդյունավետ օգտագործել, մեզ մեղադրում են միջոցներ խնայելու մեջ, դա լավ մեղադրանք է, ես ուրախ եմ դրա համար»,- ասաց վարչապետը:

Խոսելով մանկատան աշխատողի աշխատավարձի բարձրացման մասին՝ վարչապետը շեշտեց՝ մանկատան դայակին հիմա էլ չեն կարող ասել, որ 90 հազար դրամը մեծ աշխատավարձ է, և այստեղ կա օբյեկտիվ ցուցանիշ:

«Այնպես չէ, որ մենք մարդկանցից ուզում ենք փողով վերաբերմունք գնել, ընդհակառակը, աշխատավարձի բարձրացմամբ մենք ուզում ենք բարձր որակավորում ունեցող մասնագետների համար այդ աշխատատեղը գրավիչ դարձնել: Մենք այդ երեխային մատնում ենք անտերության, երբ դայակին 50, 60 հազար դրամ աշխատավարձ ենք տալիս»,-ասաց նա:

  • Կիսվել: