հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դատախազը չի ասել, թե կան հիմքեր՝ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու. հերքում

Դատախազը չի ասել, թե կան հիմքեր՝ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու. հերքում

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը գրառում է արել ֆեյսբուքյան էջում՝ կոչ անելով ձեռնպահ մնալ բամբասանքային բնույթի տեղեկություններ հրապարակելուց։

 

«Այսօր «Փաստ» թերթը առանց տեղեկատվության որևէ աղբյուր նշելու, ավանդական դարձած՝ «իրենց տեղեկություններին» հղումով նյութ է հրապարակել պետական դավաճանության մասին հաղորդումներում քրեական գործ հարուցելու, վարչապետի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու բավարար հիմքերի առկայության մասին, իբր, ՀՀ գլխավոր դատախազի կողմից նեղ անձնական միջավայրում արտահայտվելու վերաբերյալ:

Ավելորդ է, թերևս, ասել, որ հրապարակման մեջ նշված հանգամանքներն ամբողջությամբ հերյուրանք են:

Ընթացիկ քրեական վարույթները նեղ անձնական միջավայրում քննարկելու առարկա չեն: Ստացվող տեղեկությունների, փաստերի առկայության, հաղորդումների ներկայացման դեպքում ձեռնարկվում են պատշաճ դատավարական գործողություններ: Իսկ դատախազությունը դրանց արդյունքների մասին իր մոտեցումները ձևավորում ու արտահայտում է կայացվող համապատասխան դատավարական որոշումների կամ դրանց օրինականության ստուգման իր գործառույթների իրացման արդյունքում, այլ ոչ թե դրանց շուրջ անձնական միջավայրերում վարվող զրույցների մակարդակով:

Կրկին գործընկերներիս հորդորում եմ ձեռնպահ մնալ նման բամբասանքային բնույթի տեղեկություններ հրապարակելուց, առավելևս՝ մամուլի տեսության ժանրի իմաստի ու նպատակների խեղաթյուրմամբ այդպիսիք տիրաժավորելուց», -գրել է Գոռ Աբրահամյանը։

Ավելի վաղ «Փաստ» թերթը գրել էր, թե, իր տեղեկությունների համաձայն, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վերջերս նեղ անձնական միջավայրում անկեղծացել է իր շուրջ ծավալվող իրադարձությունների առնչությամբ և նշել, որ պետական դավաճանության մասին հաղորդումները պարունակում են բավարար հիմքեր քրեական գործ հարուցելու և Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար։ 

 

  • Կիսվել: