երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Դատախազությունը բողոքարկել է Խաչատուր Սուքիասյանի եղբորը 55 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը

Դատախազությունը բողոքարկել է Խաչատուր Սուքիասյանի եղբորը 55 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը

ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանին 55 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը:

Հիշեցնենք՝ հուլիսի 18-ին Ամիրյան փողոցում կրակոցներ էին հնչել, ինչից հետո «Արմենիա» բժշկական կենտրոն բուժօգնության էր դիմել 1979թ. ծնված ԱՄՆ մի քաղաքացի՝ ոտքի շրջանի հրազենային վնասվածքով։

Ըստ քննչական կոմիտեի՝ պարզվել են տեղի ունեցած խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևանի բնակիչ Ռոբերտ Սուքիասյանն է։

«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ռոբերտ Սուքիասյանը, երթևեկության ընթացքում իր ծանոթի կնոջը Նարեկ Կարապետյանի կողմից ձայնային ազդանշան տալու և վիրավորանքներ հասցնելու շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, 2021թ. հուլիսի 18-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Ամիրյան փողոցում վերոնշյալ ծանոթի և մի խումբ անձանց հետ վիճաբանել է Ն.Կարապետյանի և նրա ընկերոջ հետ, որի ընթացքում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ նշված անձինք հայհոյանքներ են հնչեցրել և փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց: Այդ ընթացքում Ռոբերտ Սուքիասյանն, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, նախ` գլխով, ապա՝ բռունցքով, հարվածել է Ն.Կարապետյանի դեմքին, որից հետո հանել ու ցուցադրաբար լիցքավորել է օրինական հիմունքներով իրեն պատկանող «BROWNING» տեսակի 9x17 տրամաչափի մարտական ատրճանակը, ապա՝ շարունակելով խուլիգանական գործողությունները՝ նշված ատրճանակից 2 կրակոց է արձակել վերջինիս ոտքերի ուղղությամբ՝ գետնին՝ շրջապատում գտնվող անձանց մոտ առաջացնելով վախի մթնոլորտ:
 
Այնուհետև Ռոբերտ Սուքիասյանը նույն ատրճանակով կրակոց է արձակել նաև Նարեկ Կարապետյանի ընկերոջ ուղղությամբ՝ պատճառելով աջ սրունքոսկրի հրազենային վնասվածք և հեռացել:
 
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ Նարեկ Կարապետյանին ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:
Նախաքննությունը շարունակվում է»,-նշված է ՔԿ հաղորդագրությունում։
 
 
 

 

  • Կիսվել: