կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Բանկային համակարգում սառեցված վիճակում կա մոտ 300 միլիարդ դրամ. վարչապետ

Բանկային համակարգում սառեցված վիճակում կա մոտ 300 միլիարդ դրամ. վարչապետ

Այսօր Երևանում ԱՄՆ առևտրի պալատի տարեվերջյան հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց ներդրումների խթանման համար անհրաժեշտ օրենսդրական, մասնավորապես՝ դատաիրավական բարեփոխումների գործընթացի վերաբերյալ հարցին և ասաց, որ դատաիրավական բարեփոխումներին առնչվող թեման ամենախնդրահարույցն է:

«Դա մեր ընթացիկ ամենախնդրահարույց հարցն է։ Ընդ որում՝ այստեղ հարցը միայն դատական համակարգի անկախության խնդիրը չէ, մենք բանկային համակարգի հետ մեր շփումների ընթացքում մի շատ տարօրինակ փաստ արձանագրեցինք, որ մոտ 300 միլիարդ դրամ այսօր բանկային համակարգում գտնվում է սառեցված վիճակում, որոնցից 150-ի պարագայում կա ֆորմալ դատական վեճ, բայց դե ֆակտո դատական վեճ չկա։ Այսինքն՝ նա, ով պետք է վճարի, ընդունում է, որ պիտի վճարի, իսկ նա, ով պետք է ստանա, ընդունում է, բայց քանի որ դատական գործընթաց պետք է անցնի, այդ գումարը տեղից տեղ չի կարող տեղաշարժվել առանց դատարանի վճռի, իսկ այդ դատական գործերը երբեմն տևում են տարիներ, որովհետև դատական համակարգը ծանրաբեռնված է։ Սա կապված է դատաիրավական համակարգի բարեփոխումների խնդրի հետ, քանի որ դատական համակարգը պատշաճ ձևով չի կարողանում սպասարկել տնտեսությունը»,-ասաց վարչապետը:

Նա նշեց, որ Երևանի կենտրոնում այս պահին կան մի քանի հարյուր միլիոնի ներդրումային ծրագրեր, որոնք «երկար ամիսներ կանգնած են, օրինակ հարևանի հետ դատական վեճի պատճառով»։

Ըստ Փաշինյանի՝ դատական ոլորտում շատ արագ պրոցեսներ հնարավոր չեն, բացի այդ՝ նաև անթույլատրելի են։

Վարչապետը նշեց. վԵրբ շատ երկրների փորձն ուսումնասիրում ենք, այնպես է եղել, որ դատական համակարգի բարեփոխումները բերել են կոլապսի, այսինքն՝ երկրում դատարան չի եղել, հիմա մենք բողոքում ենք, որ ամիսներով ձգվում են, բայց եղել են դեպքեր, որ մի իքս պահի երկրում դե ֆակտո դատարան չի եղել։ Ես ձեր հարցին ուղիղ եմ պատասխանում՝ ես գոհ չեմ։ Եթե մեր դժգոհությունը փոխակերպվի էմոցիոնալ գործելակերպի, դա կարող է վնասներ բերել։ Այստեղ ամենակարևորը հետևողականությունն ու համբերությունն է, որ ունենանք ինստիտուցիոնալ արդյունք»:

  • Կիսվել: