ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Դատական իշխանության միակ հենքը հարգանքն է դատական իշխանության նկատմամբ․ Վլադիմիր Վարդանյան

Դատական իշխանության միակ հենքը հարգանքն է դատական իշխանության նկատմամբ․ Վլադիմիր Վարդանյան

Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներից երեքն էլ մրցակցային են, Ազգային ժողովում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

«Մենք, իրոք, հնարավորություն ունենք ընտրելու լավագույնների միջև», - ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ չափազանց կարևոր է դատավորի զսպվածությունը։ Ըստ նրա՝ դատավորը պետք է քաղաքական զսպվածություն ունենա։

«Դատավորը կոչված է լսելու ու խոսում է միայն իր կողմից կայացված դատական ակտերով, ակտերն են դատավորի ասածը ու սա է միակ ճիշտ ձևաչափը, որով դատավորը պետք է խոսի հանրության հետ», - ասաց Վարդանյանը։

ՔՊ-ական պատգամավորը նշեց, թե դատական իշխանության միակ հենքը հարգանքն է դատական իշխանության նկատմամբ։

«Դատական իշխանությունը պետք է հարգանք վայելի, բայց մենք էլ պետք է հարգենք դատական իշխանությանը, կներեք, բայց ես պետք է արձանագրեմ, որ քննարկման 85 տոկոսը նվիրված է եղել այն հարցերին, որոնք այս դատավորներին չեն առնչվում, այսպե՞ս ենք մենք դրսևորում հարգանքը դատական իշխանության նկատմամբ», - ասաց իշխանական պատգամավորը։

Վլադիմիր Վարդանյանը նշեց, թե այն դատավորը, որը օրենքով ու սեփական համոզմունքով չի առաջնորդվում, նա դատավոր չէ։

«Կներեք, պատուհաս է, հանցագործ է», - ընդգծեց նա։

Վարդանյանն ասաց, թե դատարանների շրջափակումը նորմալ, լավ դատավորները չեն նկատել, եղել են իրենց աշխատավայրերում։

«Ամեն մեկը կատարել է իր սահմանադրական պարտավորությունն ու չի մխրճվել քաղաքական գործընթացների մեջ. դատավորը չպետք է խառնվի քաղաքական գործընթացներին ու այստեղ պետք է վերջակետ լինի», - ասաց նա։

Նշենք՝ Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր պաշտոնի համալրման հարցը: Ընտրվել է երեք թեկնածու՝ Հովսեփ Բեդևյանը, Լիանա Հակոբյանն ու Հրաչ Այվազյանը:

  • Կիսվել: