Դա վարչապետի հետ միասին քննարկելու հարց է, վնասակար է, եթե մենք հիմա սկսենք քննարկել ինչ-որ տարբերակ. Վազգեն Մանուկյանն` Արցախի խնդրի մասին
2016 թվականին Ադրբեջանը` տեսնելով, որ բանակցությունների միջոցով ոչ մի բանի չի կարողանում հասնել, իսկ հարցը հնանում է, սկսեց Քառօրյա պատերազմը: Այս մասին Հանրային խորհրդի այսօրվա նիստում` «Արցախի հարցում ի՞նչն է ենթակա քննարկման և ի՞նչը՝ ոչ» թեմայով քննարկմանը հայտարարեց նախագահ Վազգեն Մանուկյանը:
«Դա դիվերսիոն հարձակում չէր, մեծածավալ պատերազմ էր, Ադրբեջանը փորձել էր տեսնել՝ պատերազմի միջոցով կարո՞ղ են լուծել հարցը, թե՞ ոչ: Եթե կարողանային իրենց առաջին նպատակներին հասնել՝ ողջ ռազմաճակատով սկսվելու էր պատերազմ: Ադրբեջանը տեսավ, որ պատերազմով չի կարող հաղթել: Դրանից հետո մեր բանակցությունները մտան մեզ համար ավելի բարենպաստ փուլ` Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ստորագրվեցին փաստաթղթեր, որոնք մեզ ավելի շահեկան էին: Դրանից հետո անորոշություն է: Իհարկե, այստեղ քննարկելու բան կա, բայց դա պետք է լինի փակ նիստով՝ վարչապետի մոտ. դա վարչապետի հետ միասին քննարկելու հարց է: Մենք քննարկելու բան չունենք, քանի դեռ իշխանությունները չեն ներկայացրել որևէ տարբերակ: Անշնորհակալ գործ է և վնասակար երկրի համար, եթե մենք հիմա սկսենք քննարկել, թե ինչ տարբերակ պետք է առաջարկել»,- ասաց Վ. Մանուկյանը:
ՀԽ անդամ Ստյոպա Սաֆարյանը հիշեցրեց, որ ունեն չկատարված հանձնարարություն կառավարության և վարչապետի կողմից: Սաֆարյանի խոսքով` վարչապետը նախկինում ՀԽ-ի հետ կայացած հանդիպման ժամանակ ցանկացել էր իմանալ, թե որն է հասարակության ներսում ստատուս քվոն արցախյան խնդրի ամբողջ տարրերի վերաբերյալ: Նա ընդգծեց, որ նախկինում ՀՀ իշխանությունները մտածելով, որ որոշ առաջարկներ Ադրբեջանը կմերժի, խորամանկություն բանեցնելով, ընդունել են պարտավորություն Հայաստանի կողմից հողերը հանձնելու վերաբերյալ, և դա էլ հենց անորոշություն է ստեղծել բանակցություններում. «Մինսկի խմբի հմանախագահող երկրների դեսպաններից մեկն ասաց՝ ասել եք, որ տալու եք, հիմա տալո՞ւ եք, թե ոչ»,-ասաց նա: