շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Չմոռանաք Ձեզ հետ տանել 100 հազար դրամ աջակցությունը էժան պոպուլիզմ համարող Ալեն Սիմոնյանին. Անի Սամսոնյան

Չմոռանաք Ձեզ հետ տանել 100 հազար դրամ աջակցությունը էժան պոպուլիզմ համարող Ալեն Սիմոնյանին. Անի Սամսոնյան

Քաղաքացի Միքայել Մարգարյանն այն վառ ապացույցն է, որ կառավարության հասցեական քաղաքականությունը տխուր և ողբալի վիճակում է։ Այսօր խորհրդարանում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

Հիշեցնենք, որ հոսանքի անջատման պատճառով Կառավարության շենքի դիմաց ապրիլի 27-ին, բողոքի ակցիա էր իրականացրել երգահան Միքայել Մարգարյանը։  

Անի Սամսոնյանը նշեց, որ Մարգարյանի ընտանիքը զբաղվում է մշակութային միջոցառումների կազմակերպմամբ, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ հավաքվի 20 և ավելի մարդ, ինչը հիմա չի թույլատրվում: Միքայել Մարգարյանի աշխատանքը ենթադրում է, որ պետք է բաց լինեն ռեստորանները, սրճարանները, համերգասրահները, բայց այդ վայրերը հիմա փակ են:

«Հիմա արտակարգ դրությունն ազդե՞լ է Միքայել Մարգարյանի սոցիալական վիճակի վրա, թե ոչ: Կառավարությունը որոշել է, որ չի ազդել և նրան չի ներառել, օրինակ, 8-րդ միջոցառման շահառուների ցանկում, և մարդը չի կարողանում վճարել իր կոմունալները։ Հավատացեք, Միքայել Մարգարյանը միակ քաղաքացին չէ, որի բիզնեսի վրա արտակարգ դրությունն ունեցել է բացասական ազդեցություն»,- նշեց Անի Սամսոնյանը:

Նրա խոսքով, կամ կառավարությունում լավ չեն պատկերացնում տնտեսական գործունեությունների շղթան, կամ լավ չեն աշխատում. «Երկու դեպքում էլ վիճակը շատ վատ է: Այո, այսպիսին է իրավիճակը ինչպես բոլոր պատերազմների, աղետների ժամանակ և մարդիկ զրկվել են իրենց աշխատանքից: Ես և Դուք չենք զրկվել, դրա համար Ձեր ձայնը տաք տեղից է գալիս»,- ասաց Անի Սամսոնյանը՝ դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանին:

Այնուհետև նա անդրադարձավ «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանին. «Պարոն Թունյան, ասում եք, որ ոչ ոք չի սովի Հայաստանում: Շատ լավ նպատակ է, բայց ես առաջարկում եմ, որ Դուք հրապարակեք Ձեր հեռախոսահամարը և համոզված եմ՝ կես օրվա ընթացքում այնքան քաղաքացի Ձեզ կզանգահարի, որն ունի սնունդի կարիք, որ Դուք կզղջաք ձեր ելույթի համար: Ասում եք, Մանե Թանդիլյանը նախարար էր, չգիտե՞ր, որ տվյալներն ամբողջական չեն, որ խնդիր ունենք: Այո, գիտեր, բայց ի տարբերություն Ձեզ, Մանե Թանդիլյանը որպես նախարար, փորձադաշտ չէր դարձնի քաղաքացիներին այն համակարգի համար, որը դուք ստեղծել եք և ստիպում եք, որ մարդիկ ամեն օր մտնեն, լրացնեն ու իրենց չգտնեն: Ձեր սարքած համակարգը չի աշխատում, սա՞ է ձեր հասցեականությունը»:

Անի Սամսոնյանը ընդգծեց, որ ավելի լավ է մի քանի ավելի ընտանիք ստանա այդ 100 հազար դրամը, բայց հարյուրավոր ու հազարավոր ընտանիքներ արդար ստանան այդ փողը։  Նույնը, ըստ նրա, վերաբերում է թոշակառուներին:

«Թող Ձեր ծնողները ևս ստանան թոշակ, բայց նրանց հետ միասին ստանան շատ այլ թոշակառուներ, որոնք զանգում են ու ունեն այդ թոշակի կարիքը»,- հավելեց Անի Սամսոնյանը:

Նա նորից անդրադարձավ Միքայել Մարգարյանին. «Հաջորդ անգամ երբ որևէ քաղաքացու, օրինակ, Միքայել Մարգարյանին բերման կենթարկեն ոստիկանություն, հարգելի իշխանության պատգամավորներ, գնացեք նրա հետևից և բացատրեք նրան Ձեր հասցեականության քաղաքականությունը: Չմոռանաք Ձեզ հետ տանել 100 հազար դրամ աջակցությունը էժան պոպուլիզմ համարող փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին, որպեսզի նա էլ բացատրի: Չնայած, կարող եք չտանել, որովհետև նրան նույնիսկ սեփական թիմում լուրջ չեն ընդունում, ուր մնաց մենք ու ժողովուրդը լուրջ ընդունենք»:

  • Կիսվել: