հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Չեզոքությունը նույն «Ոչ»-ն է. Արամ Սարգսյան

Չեզոքությունը նույն «Ոչ»-ն է. Արամ Սարգսյան

Եթե նախորդ ընտրություններում ժողովուրդն ասում էր, որ իր քվեն բանի տեղ դրող չկա, որ չեն հաշվում. հիմա կասեք այո, կլինի այո, կասեք ոչ, կլինի ոչ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը։

Խոսելով «Ոչ»-ի շտաբի ձեւավորման մասին՝ նա նշեց. «Քաղաքական ուժը, այն էլ ժողովրդի արդար քվեն ստացած քաղաքական ուժը, որը ԱԺ-ում ներկայացված է, որեւէ պարագայում չպիտի չեզոքության կամ բոյկոտի կողմնակից լինի։ Տեսականորեն այդ չեզոքությունը նույն «Ոչ»-ն է։ Ես իմ ընկեր Էդմոն Մարուքյանին ուղիղ ասել եմ՝ լավ կլիներ, որ դուք ձեր «Ոչ»-ը, ինչը ինձ բացատրում ես, հիմնավորես «Ոչ»-ով։ Հանրային ընկալման մեջ, հեռուստատեսությամբ այդ ժամն օգտագործես, փորձես հիմնավորել. ինչի՞ց եք վախենում, որ հանրությունը ֆեյսբուքում վատ բաներ կգրի՞, թող գրի, եթե դու ճիշտ ես…։ Կարծում եմ, որ «Ոչ»-ը որպես ուղղություն իրավունք ունի ունենալու եւ այն ուժերը, որոնք ընդդիմադիր են գործող իշխանությանը եւ իրենց «Ոչ» լինելն այս կամ այն կերպ հիմնավորել են, ճիշտ կանեին՝ այդ նույն բանն անեին այնպես, ինչպես «Այո»-ի կողմնակիցները՝ հանրության հետ հանդիպելով, հանրությանը բացատրելով։ Ցանկացած պարագայում, եթե «Այո»-ն հաղթեր էլ, իրենք հաղթած էին դուրս գալու»։

Սարգսյանն ընդգծեց, որ երկրորդ ուժ կամ իշխանությանն այլընտրանք կարող է դառնալ այն ուժը, որի հետ իշխանությունը բանավիճում է. «Եթե այսօր չկա ուժ, որի հետ իշխանությունը բանավիճի, հետեւաբար՝ այդ իշխանությունը հավերժ է»։

Հիշեցնենք, որ հիմա Դվին հյուրանոցային համալիրում սահմանադրական հանրաքվեի «Այո» շտաբը կազմակերպել է դրամահավաք, որի հավաքված հասույթը կօգտագործվի քարոզչական ծախսերի վրա:

  • Կիսվել: