երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Չեխիայի վարչապետը պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Չեխիայի վարչապետը պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Չեխիայի Հանրապետությունը կարող է աջակցել և կաջակցի խաղաղության նախաձեռնություններին և այն ջանքերին, որոնք  կհանգեցնեն տարածաշրջանում կայունացման։

«Իմ ներածական խոսքում  անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչմանը՝ ասացի, որ հիմնարար նշանակություն ունի, որ այստեղ՝ Պրահայում,  Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի ընթացքում քայլ արվել է։ Դա պատմական հանգրվան կարելի է  համարել երկու երկրների հարաբերություններում, իհարկե, իրավիճակի համար նպաստավոր չէր լինի, եթե ես միակողմանի գնահատեի, թե ով  և ինչպես է խախտում և ինչը»,- նման դիտարկում արեց Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, եթե ՀՀ-ն գնում է դեպի խաղաղություն, Ադրբեջանը շարունակում է սպառնալիքները և կոշտ հռետորաբանությունը, ըստ Ֆիալայի՝ արդյոք հնարավո՞ր է այս պայմաններում գնել խաղաղության և ինչպես է նա գնահատում Ադրբեջանի այս գործողությունները։ 

Չեխիայի վարչապետը մասնավորապես նշեց․ «Մեր նպատակը, Չեխայի և ԵՄ երկրների միասնական  նպատակն է  հասնել կայունության տարածաշրջանում  և մնայուն, տևական խաղաղության, որը նշանակում է  նաև երաշխավորել  ՀՀ իրավունքները, երաշխավորել  հայերի իրավունքները, դա կարևոր հանգամանք է։ Մենք  կոնկրետ քայլեր այս ուղղությամբ արել ենք․  Չեխիայի Հանրապետությունը նպաստել է մոնիթորինգի առաքելության տեղակայմանը, չեխ փորձագետներ կան առաքելության կազմում։ Պատրաստ ենք մասնակցել նաև այլ միջոցառումների, համանման աշխատանքների, որոնք կնպաստեն իրավիճակի  լարվածության թոթափմանը և թույլ կտան հասնել տևական և մնայուն խաղաղության և խաղաղ լուծման։ ՀՀ վարչապետն ինձ մանրամասն տեղեկացրեց իր քայլերի մասին և թե ինչպես է ինքը տեսնում իրավիճակը, և ինչպես են ընթանում բանակցությունները։ Սա շատ արժեքավոր է ինձ համար, քանի որ ես յուրահատուկ հնարավորություն ունեմ այդ տեղեկությունները փոխանցելու իմ եվրոպացի գործընկերներին։ Դրա հիման վրա կարող ենք դիտարկել և պարզել, թե ինչ քայլեր պատշաճ կլինեն և ինչ քայլերով ԵՄ-ն կարող է աջակցել մշտական և տևական խաղաղության ջանքերին տարածաշրջանում»։  

Փաշինյանն էլ նույն հարցի շրջանակում նշեց․ «Այն ինչ հարգարժան լրագրողն ասաց իր հարցի մեջ՝ բացարձակ ճշմարտություն է, բայց դիտանկյունի տեսանկյունից ես հետևյալն եմ ասում․ Ձեր հարցի մեջ, այո՛, իրավացիորեն, հարցականի տակ եք դնում խաղաղության հնարավորությունը։ Ես դիտանկյունը փոխելու տրամաբանությամբ կուզեի  նկատել, որ ձեր հարցը և դրա բովանդակությունը ընդգծում է խաղաղության  անհրաժեշտությունը։ Որովհետև մի կողմից կարելի է ասել թե այս պայմաններում ինչպե՞ս է  հնարավոր խաղաղությունը, բայց մյուս կողմից դրանից ելնելով կարելի է ընդգծել, որ խաղաղությունն անհրաժեշտ է։ Այս ամեն ինչն իրականում ընդգծում է խաղաղության անհրաժեշտությունը և մենք պետք է սպասարկենք այդ անհրաժեշտությունը, մեր քաղաքականությունը կառուցենք այդ անհրաժեշտության նկատմամբ ճիշտ  դիրքավորումներով»։ 

  • Կիսվել: