չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Չեխիայի  խորհրդարանը կոչ է անում երրորդ երկրների կառավարություններին՝ չներգրավվել ԼՂ հակամարտության գոտի

Չեխիայի խորհրդարանը կոչ է անում երրորդ երկրների կառավարություններին՝ չներգրավվել ԼՂ հակամարտության գոտի

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող բանաձև՝ Ֆեյսբուքում գրել է ԱԺ պատգամավոր, «Եվրանեսթ» ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը:
 
Այսօր նաև Չեխիայի Հանրապետության Սենատն է ընդունել բանաձև և կառավարությանը դիմել մարդասիրական օգնություն տրամադրելու առաջարկով։
 
Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար՝ իմ երախտագիտությունն եմ հայտնում Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարեկ Բենդային՝ ներդրված ջանքերի և կատարված աշխատանքի համար:
 
Բանաձևում Արտաքին հարաբերությունների կոմիտեն կոչ է անում երրորդ երկրների կառավարություններին՝ չներգրավվել հակամարտության մեջ և թույլ չտալ այլ տարածքներից անհատ զինյալների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի:
 
Կոմիտեն կոչ է անում հակամարտության բոլոր կողմերին՝ վերջ տալ զինված հակամարտությանը, թույլ տալ զոհերի աճյունների արժանապատիվ հանձնումը հողին և վերադառնալ բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի և նրա համանախագահների ձևաչափով: Կոմիտեն իր ափսոսանքն է հայտնում մարդկային կյանքերի կորստի կապակցությամբ և իր վրդովմունքն է հայտնում քաղաքացիական թիրախների ռմբակոծման, ինչպես նաև միջազգանորեն արգելված զենքի, մասնավորապես՝ կասետային ռումբերի կիրառման կապակցությամբ:

  • Կիսվել: