Բորելը ողջունում է ԼՂ վերաբերյալ եռակողմ համաձայնությունը
Եվրոպական Միության արտաքին գործերի և քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը, տեղեկանում ենք Եվրամիության պաշտոնական կայքից:
Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Ողջունում եմ Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ռազմական գործողությունների դադարեցումը։ Ռուսաստանի միջնորդությամբ համաձայնեցված կրակի դադարեցումը, որը ստորագրվել է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից, թույլ կտա կանխել մարդկային հետագա զոհերը եւ, հնարավոր է, քայլ դառնա հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ:
Եվրոպական Միությունը շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ղեկավարությամբ ստեղծված ձևաչափին և պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ ջանքերում ու կյանքի կոչել ողջ հարավկովկասյան տարածաշրջանի խաղաղ զարգացման շուրջ պայմանավորվածությունները՛՛: