կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Բոլորը սպասում էին Իրանի վրեժին, բայց չէին իմանում՝ երբ և ինչ տեսքով է լինելու. իրանագետ

Բոլորը սպասում էին Իրանի վրեժին, բայց չէին իմանում՝ երբ և ինչ տեսքով է լինելու. իրանագետ

Այսօր վաղ առավոտյան Իրանի տարածքից բալիստիկ հրթիռների արձակման մասին տեղեկությունները իրարամերժ են. արևմտյան լրատվամիջոցները հայտնում են մինչև 12 հրթիռի արձակման մասին, իսկ իրանական լրատվամիջոցները հայտնում են մինչև 30 հրթիռի արձակման մասին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց իրանագետ Գարիկ Միսակյանը:

«Իրանական լրատվամիջոցները նաև նշում են, որ արձակված բոլոր հրթիռները հասել են իրենց նպատակին: Բացի այդ, Իրաքի վարչապետը տեղեկացրել է, որ ավիահարվածների հետևանքով Իրաքի որևէ քաղաքացի չի զոհվել: Բոլորը սպասում էին Իրանի վրեժին, սակայն չէին սպասում՝ երբ և ինչ տեսքով է լինելու», -նշեց իրանագետը:

Նրա խոսքով, իրանական կողմը տեղեկատվական հարթակներում լավ է աշխատել, բավական օպերատիվ տարածվել են հայտարարություններ: Միսակյանը շեշտեց հատկապես պաշտոնական այն հայտարարությունը, որի համաձայն եթե Իրանի հարևան որևէ երկրից Իրանի տարածքի վրա հարձակումներ տեղի ունենան, ապա Իրանը հարվածելու է հենց այդ երկրին: Նա վկայակոչեց նաև Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի այն հայտարարությունը, որ իրենք ավիահարվածներ են ուղղել այն հատվածին, որտեղից սպանել են իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիին:

Նկատենք՝ այսօր վաղ առավոտյան Իրանի տարածքից տասնյակ բալիստիկ հրթիռներ են արձակվել Իրաքի տարածքում գտնվող ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ և առայժմ հայտնի չէ՝ արդյոք ամերիկյան զորքերի շրջանում զոհեր կան, թե ոչ: Իրավիճակը Մերձավոր Արևելքում վատթարացել էր այն բանից հետո, երբ հունվարի 3-ին իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին սպանվեց Բաղդադի օդանավակայանի տարածքում ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով ԱՄՆ օդուժի հրթիռային հարվածի հետևանքով: Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին խոստացել էր վրեժխնդիր լինել գեներալի մահվան համար։

  • Կիսվել: