ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բոլոր այն տականքները, որոնք տարածել են այդ միֆը` հասարակությանը պատասխան տալու խնդիր են ունենալու. Բադասյանը՝ իր պաշտոնանկության լուրերի մասին

Բոլոր այն տականքները, որոնք տարածել են այդ միֆը` հասարակությանը պատասխան տալու խնդիր են ունենալու. Բադասյանը՝ իր պաշտոնանկության լուրերի մասին

Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում նշված է, որ խոսքի ազատությունը կարող է սահմանափակվել։ Դրանց շարքում է նաեւ Կառավարության այն որոշումը, որ պետք է օգտվել բացառապես պաշտոնական տեղեկատվությունից, չտարածել չճշտված տեղեկություններ։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով քիչ առաջ խորհրդարանում քննարկված օրենքի նախագծին, հայտնում է armtimes-ը։ Դրանով կարգավորվում են լրատվամիջոցների սահմանափակումները՝ կապված ռազմական դրության հետ։ Բադասյանը մանրամասնեց, որ սրա նպատակը խուճապ չառաջացնելն է, որոնք որոշ դեպքերում լինում են նաեւ դիտավորյալ։

Լրագրողների պնդմանը, որ տուգանքների չափը մեծ է, Բադասյանը պատասխանեց, որ դա ընտրված է՝ համեմատություն ունենալով նաեւ արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտելու սանկցիաների հետ։ «Առաջին իսկ օրվանից՝ Կառավարությունն ընտրել է թափանցիկ գործելաոճ, եւ մենք առաջին օրվանից խնդրել ենք օգտվել պաշտոնական լրահոսից, չտարածել չճշտված տեղեկություններ չտարածել՝ դրանով ապահովելով ռազմական դրության իրավական ռեժիմը»,- նշեց Բադասյանը։

Հարցին, թե ինչու՞ է նման օրինագծի անհրաժեշտություն ծագել եւ արդյո՞ք դա կապված է վերջին շրջանում պետական դավաճանությունների հետ, որի մասին խոսել է վարչապետը, նախարարը պատասխանեց․ «Բացի վարչապետի հայտարությունից՝ բազմաթիվ հրապարակումներ եղան դրա հետ կապված, խուճապային տրամադրություն ստեղծելու փորձ։ Ես համարում եմ, որ մեր հանրության ոգին բավականին բարձր է, եւ դրանք չեն հասել իրենց նպատակներին, բայց միառժամանակ մենք  չենք կարող թողնել այդ իրավիճակն ինքնահոսի։ Կարելի է ասել, որ մենք ռազմական դրության առաջին իսկ օրվանից քննարկել ենք նման փոփոխությունների անհրաժեշտության մասին, եւ, ինչպես միշտ, մեր քաղաքականությունը եղել է հետեւյալը՝ վստահել մեր բոլոր գործընկերներին, վստահել, որ նման տեղեկություններ չեն տարածվի, կօգտվեն պաշտոնական լրահոսից։ Բայց ունեցանք դեպքեր, նույնիսկ՝ շատ կոպիտ»,- ասաց Բադասյանը՝ զերծ մնալով որեւէ կոնկրետ օրինակից, քանի որ դրանք շատ են եղել՝ սկսած ֆեյսբուքյան ստատուսներից։

Հարցին, թե արդյո՞ք պետական դավաճանություն է պատերազմի ժամանակ հայտարարել, թե իշխանությունները վատն են, Բադասյանի համոզմամբ, եւս մեկ խուճապ առաջացնող երեւույթ է, եւ կարող է որոշակի տրամադրություններ ստեղծել։ «Չեմ կարծում, որ ռազմական դրության ընթացքում նման հարցերը քննարկելու ժամանակն է, եւ սա չի խոսում պարզ քննադատտության մասին, այլ՝ պատերազմի ընթացիկ իրավիճակի վրա ազդելու, զինվորների ոգին կոտրելու մասին»,- ընդգծեց նախարարը։

Հաջորդող պնդմանը, որ 1990-ականներին՝ Արցախյան պատերազմի ժամանակ, պահանջում էին նախագահի հրաժարականը, Բադասյանը պատասխանեց, որ հիմա իրավիճակն այլ է։ Նրա պնդմամբ՝ վերջին տարիների ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաներն ունեն մեծ դերակատարություն, եւ այսօր պատերազմն ընթանում է նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ։ Հետեւաբար, նախարարի խոսքով, մենք չեն կարող 90-ականների իրավիճակը համեմատել 2020 թվականի հետ։

Հարցին, թե ինչպե՞ս են կարգավորվելու ֆեյսբուքյան այն հաշիվները, որոնք բացվել են դրսից եւ ապատեղեկատվություն են տարածում, Բադասյանը պատասխանեց, որ արտասահմանում նոր բացված, վճարովի տարածվող տեղեկությունների դեմ պայքարի վտանգավորությունն ավելի նվազ է։ Նրա համոզմամբ՝ հանրությունն օգտվում է այնպիսի լրատվամիջոցներից, որոնց նկատմամբ կա վստահելություն կամ արդեն օգտվել է, հետեւաբար՝ դրսից տարածվող տեղեկությունը չունի նույն արժեքը։ Նա նաեւ ընդգծեց, որ թշնամին հենց առաջին օրից փորձում է նման միջոցներով պայքարել եւ դա, ակնհայտորեն, չի ստացվում։

Լրագրողներից մեկը, օրինակ բերելով վարչապետի կոչը՝ 1 տարվա ընթացքում զորացրված երեխաներին, որոնք պետք է հավաքվեին Չարբախում՝ գլխավոր հավաքակայանում, հարցրեց, թե արդյո՞ք որեւէ պաշտոնյայի հայտարարություն խուճապահար չի եղել այս ընթացքում, քանի որ Ադրբեջանը կարող էր նաեւ հրետակոծել Չարբախի հավաքակայանը։ Բադասյանը շեշտեց, որ բոլոր նմանատիպ հայտարարությունները նախապես ճշտված են լինում եւ չի կարող որեւէ խուճապ առաջացնել։ «Բացի այդ՝ նախատեսվում են բոլոր հետեւանքները, թշնամու վարքագիծը, եւ որեւէ խնդիր չի կարող առաջանալ»,- վստահեցրեց նախարարը։

Անդրադառնալով խոսակցություններին, որ Քյարամյանից հետո պաշտոնանկ է լինելու նաեւ ինքը, Բադասյանը պնդեց, որ այդ միֆը տարածող բոլոր տականքները հասարակությանը շատ լուրջ պատասխան տալու խնդիր են ունենալու, որովհետեւ իրենց ստեղծած միֆը օգտագործեցին թշնամական ուժեր, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահը։ «Ես չեմ ուզում, որ իմ ասածը որեւէ հասարակական կազմակերպություն իր հասցեին քննադատություն ընդունի, այսինքն, եթե ես հիմա ասեմ՝ սորոսականը իրանց ո՞վ ա, խնդրում եմ չընկալել, որ ես այդ ՀԿ-ին եմ վիրավորում կամ աշխատակիցներին»,- ասաց Բադասյանը՝ հավելելով, որ մինչեւ այսօր որեւէ փաստ չի հրապարակել, որ ինքը որեւէ հասարակական կազմակերպության հետ կապ է ունեցել, կամ որեւէ դեպքում դրամաշնորհ է ստացել, կամ դրամաշնորհ ստացածի հետ է որեւէ կապ ունեցել։

Հարցին, թե չկա՞ ռուսական կողմից պահանջ՝ իր պաշտոնանկության վերաբերյալ, Բադասյանը պատասխանեց, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակից է եւ նրա հետ բացառապես դաշնակցական եւ ռազմավարական հարաբերություններ են։ «Խնդրում եմ այդ սադրանքներին չտրվել, իմ պաշտոնանկության մասին լուրերն էլ, բնականաբար, հերյուրանք են»,- պնդեց Բադասյանը՝ հավելելով, որ պնդումները, թե Ռուսաստանը խառնվում է Հայաստանի ներքին գործերին, խայծ են եւ գծված են այն անպատասխանատու ուժերի կողմից, որոնք ուզում են ստանալ համապատասխան մթնոլորտ։

  • Կիսվել: