հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բողոքի ակցիայի մասնակիցները դիմում հանձնեցին կառավարությանը, քայլերթը դեպի նախագահի նստավայր և խորհրդարան շարունակվում է

Բողոքի ակցիայի մասնակիցները դիմում հանձնեցին կառավարությանը, քայլերթը դեպի նախագահի նստավայր և խորհրդարան շարունակվում է

Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի նախաձեռնողներն ու մասնակիցները կառավարությանը հանձնեցին ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ ստորագրվելիք փաստաթուղթը գաղտնազերծելու պահանջով իրենց դիմումը։

ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը մինչ դիմումը հանձնելը հայտարարեց՝ հիմնավոր մտավախություններ ունեն, որ փաստաթղթով Արցախը նշվելու է Ադրբեջանի կազմում, իսկ փաստաթղթի բովանդակության բացահայտման գործին ուղիղ առնչություն ունի ևս երկու մարմին՝ նախագահն ու խորհրդարանը։ Դիմումներ են ներկայացվելու նաև նրանց։

«ԱԺ-ն է ընտրել կառավարությանն ու Փաշինյանին, ԱԺ-ն գործադիրի նկատմամբ վերահսկողություն իրականացնող, իշխանության առաջնային մանդատ ունեցող մարմին է։ Պետք է պահանջենք տեր լինել ՀՀ ԳԽ 1992 թ․ հուլիսի 8-ի որոշմանը, ըստ որի ՀՀ համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼՂ նշված կլինի Ադրբեջանի կազմում, որպեսզի գործադրին թույլ չտան կատարել գործարք, որով Արցախը կնշվի Ադրբեջանի կազմում, ինչի մտավախությունն ունենք»,- ասաց նա։

Կառավարությանը հասցեագրված դիմումը հանձնելուց հետո ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի նախագահական նստավայր, ապա դիմում են հանձնելու խորհրդարան և վերադառնալու են Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 17։00-ին համահավաք է կայանալու, որի ընթացքում հանրությանը տեղյակ կպահեն հետագա գործողությունների մասին։

  • Կիսվել: