շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բելգիայի Սենատում քննարկում կանցկացվի Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ

Բելգիայի Սենատում քննարկում կանցկացվի Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ

Բելգիայի Սենատում մարտի 25-ին տեղի կունենա «Աշխարհաքաղաքական զարգացումները Հարավային Կովկասում. կիզակետում Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը» խորագրով կլոր սեղան- քննարկում, որի նպատակն է վերլուծել Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական զարգացումները 2020 թվականի սեպտեմբերից ի վեր, այս համատեքստում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները:

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ կլոր սեղանի գլխավոր բանախոսներն են լինելու Բելգիայի դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահ Էլս Վան Հուֆը, միջազգային բանակցությունների վերլուծաբան, Clingendael ինստիտուտի համահիմնադիր Փոլ Մերթսը, գրող, դիվանագետ Օլիվյե Վեբերը և Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Բանախոսները լույս կսփռեն տարածաշրջանում զարգացումների վրա՝ միջազգային, մարդու իրավունքների տեսանկյունից, կվերլուծեն միջազգային հանրության արձագանքը, մասնավորապես ԵՄ-ի դերը։ Քննարկման մասնակիցները կխոսեն նաև ապագայի հեռանկարների, առկա իրավիճակից ելքերի և անհրաժեշտ հստակ քայլերի մասին, որոնք պետք է ձեռնարկվեն՝ պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի և արցախահայության անքակտելի իրավունքները։

  • Կիսվել: