ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բելառուսի դեսպանատուն. ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Հայաստանին որեւէ ռազմական բեռ չի մատակարարվել

Բելառուսի դեսպանատուն. ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Հայաստանին որեւէ ռազմական բեռ չի մատակարարվել

Վերջին կես տարում ռազմարդյունաբերական համալիրի մասով ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Հայաստանին որեւէ ռազմական բեռի մատակարարում չի իրականացվել: Դա ամենաճշգրիտ եւ հստակ տեղեկությունն է: Այս մասին ասվում է Հայաստանում Բելառուսի դեսպանատան հայտարարության մեջ:

«Հաշվի առնելով հոկտեմբերի 12-ին Հայաստանում Բելառուսի գործերի ժամանակավոր հավատարմատար Սերգեյ Տրոցյուկի եւ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի միջեւ կայացած հանդիպումը՝ անհրաժեշտ ենք համարում անել հետեւյալ հայտարարությունը.

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 4-ին Հայաստանի եւ Բելառուսի նախագահների հեռախոսազրույցի ժամանակ հստակ եւ միանշանակ պատասխան է տրվել մեր հայ գործընկերոջ հարցին. վերջին կես տարում ռազմարդյունաբերական համալիրի մասով ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Հայաստանին որեւէ ռազմական բեռի մատակարարում չի իրականացվել: Անիմաստ է այդ թեմային վերադառնալը:

 

Բելառուսում ցավում ենք ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման համար: Ներկայիս իրավիճակում չափազանց կարեւոր է արնահեղությունը դադարեցնելն ու նոր զոհերից խուսափելը:

 

Այդ պատճառով կցանկանային ուշադրությունը հրավիրել սեպտեմբերի 28-ին Բելառուսի ԱԳՆ-ի տարածած հայտարարությանը, որում մենք ոչ միայն կոչ ենք անում, այլեւ Ադրբեջանին եւ Հայաստանին կոչ ենք անում դադարեցնել մարտական գործողությունները, հրաժարվել զենքի կիրառումից եւ միջոցներ գտնել իրավիճակի խաղաղ կարգավորման համար:

Բելառուսը պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել կողմերի երկխոսությանը նպաստելու համար:

Բացի այդ, նպատակահարմար ենք համարում, որպեսզի Հայաստանի մեդիան ուշադրություն դարձնի բացառապես ստուգված տեղեկատվությանը առաջին հերթին նման զգայուն հարցերում, ինչպիսին է ռազմատեխնիկական համագործակցությունը»:

  • Կիսվել: