երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Բարեգործություն, թե՞ բիզնես․ նոր փաստեր Ծառուկյանին պատկանող «Օլիմպավանի» և «Մուլտի Վելնեսի» գործունեությունից

Բարեգործություն, թե՞ բիզնես․ նոր փաստեր Ծառուկյանին պատկանող «Օլիմպավանի» և «Մուլտի Վելնեսի» գործունեությունից

 «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օլիմպավան» ՍՊԸ-ի շուրջ վերջերս ծագած սկանդալից հետո InFoPort-ին նոր ուշագրավ փաստեր են հայտնի դարձել ոչ միայն այդ կառույցի գործունեության, այլև Ծառուկյանին պատկանող մել այլ հաստատության՝ «Մուլտի Վելնես» մարզական համալիրի մասին։

Ինչպես InFoPort-ին պատմեց սպորտային շրջանակներում իր բարձրաստիճան աղբյուրը, «Օլիմպավանը» կառուցելիս խնդիրներ են առաջացել ոչ միայն համայնքային նշանակության հողերի, ինչպես ավելի վաղ հայտնել էին ԶԼՄ-երը, այլև մասնավոր սեփականություն հանդիսացող հողատարածքների հետ։ Մասնավորապես որոշ սեփականատերեր ընդհանրապես չեն ցանկացել վաճառել իրենց հողատարածքները, որոշները ունեցել են գնային առումով ավելի մեծ ակընկալիքներ, սակայն ստիպված, տեղի տալով ուժի իշխանությանը, գնացել են իրենց պարտադրված և որոշ դեպքերում իրենց շահերից չբխող գործարքին։

Ավելին մեզ հայտնի դարձավ, որ այդ հողատարածքներից մեկը պատկանում է Դավիթաշենի նախկին թաղապետերից մեկի օգնականին։ Նա նույնիսկ վերջերս հանդիպել է «Օլիմպավանի» ղեկավարության հետ՝ պահանջելով կամ իրեն վճարել իր հողատարածքի դիմաց, կամ քանդել այդտեղ կառուցված պատը։ Խդիրներ են առաջացել նաև մարզահամալիրի արգելապատնեշի կառուցման հետ կապված, մասնավորապես, Դավիթաշենի համայնքային ղեկավարությունը դեմ է եղել դրա տեղադրմանը, համարելով այն ապօրինի, և միայն «բարձրյալների» զանգից հետո ստիպված է եղել տեղի տալ։ Փորձեցինք մեր ստացած տեղեկությունը ճշտել Երևանի քաղաքապետարանից։

Ահա թե ինչ փոխանցեցին այնտեղից մեր հարցմանն ի պատասխան․ «Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ Դավթաշեն վարչական շրջանի Ա.Միկոյան փողոց հ.51 հասցեում 5000քմ հողատարածքում մարզական համալիրի կառուցման համար, շինարարությունն իրականացնելիս կառուցապատումը ինքնակամ կարգով ընդլայնվել է համայնքային հողից զավթված 990,06քմ (619,18քմ+670,88քմ) հողատարածքում և վերը նշված հողամասին կից «Օլիմպավան» ՍՊ ընկերության սեփականություն հանդիսացող Փիրումյանների փողոց հ.15/1 (950քմ, վկայական հ.19122013-01-0023) և Փիրումյանների փողոց հ.11/1 հ.1 հողամաս (950քմ, վկայական հ.01122014-01-0095) հասցեներում»: Անաչառության սկզբունքը չխախտելով՝ ներկայացնենք խնդրի առնչությամբ Հայաստանի Ազգային

Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի վերջերս արած մեկնաբանությունը, որը հավաստել էր, որ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների հետ ծագած խնդիրը զուտ կադաստրային անճշտութունների արդյունք է, ինչը շտկելու համար նրանք բազմիցս դիմել են քաղաքապետարան և մնացել անարձագանք։ Ինչ վերաբերվում է մասնավոր սեփականություն հանդիսացող հողատարածքներին, ապա դրանք, ըստ Ռոստոմյանի, գնվել են իրենց շուկայական արժեքներով ։ Հաջորդ խնդիրը կապված «Օլիմպավան-ի» հետ այն է, որ կառույցը միայն 2018 թվականից է սկսկել վճարել գույքահարկ և աղբահանության վճար (այս փաստը նույնպես արծարծվել է ԶԼՄ-ում)։ Այս առնչությամբ էլ Հրաչյա Ռոստոմյանը ասել էր, որ հարկերը սկսել են վճարվել կառույցի դե-ֆակտո շահագործումից հետո։ Մինչդեռ պատկան մարմիններից մեզ փոխանցեցին, որ կառույցի շահագործման փաստը ոչ մի կապ չունի հարկերը վճարելու հետ։ «Կա կառույց՝ պետք է վճարվեն համապատասխան հարկեր»,- փոխանցեցին մեզ։ Փաստացի միայն գույքահարկի և աղբահանության վճարի մասով, ըստ քաղաքապետարանի տրամադրած տվյալների, «Օլիմպավանը» չի մուծել 14 մլն դրամի հարկ։ Մեկ այլ հետաքրքիր նրբության վրա էլ ուշադրություն գրավեց մեր զրուցակիցը։ «Օլիմպավանը», հանդիսանալով մասնավոր սեփականություն, չի կարող օգտագործել Միջազգային Օլիմպիական Կոմիտեի հայտնի օղակներով ապրանքանիշը։

«Դա խարտիայի կոպիտ խախտում է ի շահ սեփական բիզնեսի»,- նկատեց նա։ Հաջորդ ուշագրավ դրվագը վերաբերվում է նախկին Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության, որը, ըստ մեր զրուցակցի, գործում էր Գագիկ Ծառուկյանի անմիջական կուռացիայի ներքո և «Օլիմպավանի» փոխկապակցվածությանը։ Ինչպես նշեց աղբյուրը, տևական ժամանակ նախկին Սպորտի և երիտասարդության նախարարության ուղղորդմամբ մարզական ֆեդերացիաները իրենց մարզումներ անց էին կացնում հենց «Օլիմպավանում»՝ համապատասխանաբար վճարելով դրա դիմաց։

Մինչդեռ նույն Հրաչյա Ռոստոմյանը իր վերջին հարցազրույցում ակնարկեց, որ հայ մարզիկները «Օլիմպավան» են հաճախում գրեթե «բարեգործական» հիմունքներով։ Այս իրարամերժ հավաստիացումների իսկությունը պարզելու նպատակով մենք դիմեցինք Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարություն, որտեղ, ըստ էության, չհերքեցին մեր ունեցած ինֆորմացիան։ Նախարարության պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ․ «Ի պատասխան Ձեր հարցմանը՝ հայտնում ենք, որ պետության կողմից ֆինանսական աջակցություն ստացող մարզաձևերի ֆեդերացաիների միջոցառումների անցկացման ֆինանսական ծախսերի չափերը կարգավորվում են համաձայն Հայաստանի Հանրապետթյան կառավարության 2018 թվականի ապրիլի 5-ի N 390-N որոշման, ըստ որի Հայստանի Հանրապետության հավաքական թիմի անդամի՝ ՀՀ տարածքում ուսումնամարզական հավաքի օրական կեցության վճարի չափը՝ յուրաքանչյուր մարզիկի համար կազմում է մինչև 9800 դրամ։ Իսկ միջոցառման վայրը ընտրում է համապատասխան ֆեդերացիան։ Ըստ այդմ՝ «Օլիմպավան» ՍՊԸ-ում ՀՀ հավաքական թիմի անդամի համար ուսումնամարզական հավաքի օրական կեցության չափը նույնպես սահմանված է 9800 դրամի հաշվարկով»։

Այսքանը «Օլիմպավանի» մասով։ Սակայն ոչ պակաս ուշագրավ փաստեր մեզ հայտնի դարձան նաև «Մուլտի Վելնես» մարզական համալիրի մասով, որի կառուցման գործարքը մեր զրուցակիցը որակեց որպես «մի խնամու նվերը մյուսին»։ Բանն այն է, որ «Մուլտի Վելնեսի» կառուցման շինթույլտվությունը Ծառուկյանը ստացել է իր խնամու՝ Հովիկ Աբրահամյանի վարչապետության օրոք։ Ըստ աղբյուրի, շինթույլտվության պայմաններից մեկը նա էր, որ մարզական համալիրի կառուցումից հետո այնտեղ անվճար մարզվելու իրավունք ունենան ՖԻՄԱ-ի (Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական Ինստիտուտի մարզական ակումբ) սաները, քանզի «Մուլտի Վելնեսը» կառուցվել է տվյալ ինստիտուտին պատկանող թենիսի կորտերի տարածքում՝ Օղակաձև զբոսայգու սրտում։

Պարզելու համար արդյոք Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի և «Մուլտի Վելնեսի» միջև առկա է նման պայմանագիր և արդյոք ՖԻՄԱ-ի սաները անվճար մարզվում են տվյալ համալիրում մենք դիմեցինք Ֆիզիկական կուլտւրայի և սպորտի ինստիտուտ։ Ստացված պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ․ «Ի պատասխան Ձեր գրության հայտնում ենք, որ «Մուլտի վելնես» մարզական համալիրը Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ՖԻՄԱ-ի հետ չունի պայմանագիր՝ մարզիկների անվճար մարզմանհամար և անվճար մարզվող մարզիկներ չկան»։

Ստացվում է, որ մասնավոր բիզնեսի շահերը սպասարկելու նպատակով Երևանի կենտրոնական զբոսայգիներից մեկում պետական ինստիտուտին պատկանող տարածք է հատկացվում կառուցապատման համար, իսկ այդ նույն ԲՈւՀ-ի սաները զրկված են իրենց իսկ տարածքում անվճար մարզումներ անց կացնելու հնարավորությունից։

  • Կիսվել: