երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Բանակցությունները տեղի են ունեցել երկկողմ ձեւաչափով. Պետք չի գերագնահատել այս հայտարարությունը. Խանդանյան

Բանակցությունները տեղի են ունեցել երկկողմ ձեւաչափով. Պետք չի գերագնահատել այս հայտարարությունը. Խանդանյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները տեղի են ունեցել երկկողմ ձևաչափով, որի արդյունքում հրապարակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի համատեղ հայտարարությունը։

Այս մասին հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստան-Ադրբեջան բանակցություններում միջնորդ եղել է։

«Տեղի են ունեցել բանակցություններ Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջև և այդ բանակցությունների արդյունքում է տեղի ունեցել երեկվա հայտարարությունը։ Բանակցությունները երկկողմ էին, հայտարարության մեջ որևէ այլ կողմի մասին նշում չկա»,- ասաց Խանդանյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե արդյոք այս հայտարարությամբ երկկողմ ձևաչափով բանակցությունների հիմք է դրվել, Խանդանյանը պատասխանեց.

«Այս հարցը հումանիտար խնդրին է վերաբերվում, և ևս մեկ շատ զգայուն խնդրի՝ գերիների վերադարձին, որի շուրջ շատ երկար և բազմիցս խոսել ենք և հնարավորություն է առաջացել այդ հարցը այս ձևաչափում բանակցել և լուծել։ Սա շատ կարևոր հայտարարություն է և պետք չէ թերագնահատել այս հայտարարությունը, ինչպես նաև պետք չէ գերագնահատել այն՝ ընդհանուր բանակցային գործընթացի տրամաբանության մեջ։ Հայաստանը շարունակում է պնդել, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները պետք է տեղի ունենան այն սկզբունքների շուրջ, որոնց կողմերը համաձայնություն են տվել այս տարվա հուլիսին՝ եռակողմ հանդիպման ընթացքում: Հայաստանը հորդորում է նաև միջնորդ կողմերին ապահովել բանակցությունների շարունակականությունը այն հարթակներում, որտեղ դրանք սկսվել են»,- եզրափակեց Խանդանյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ-ի և Ադրբեջանի համատեղ հայտարարությամբ Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների: Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների։

  • Կիսվել: