Բանակցությունները մտել են փակուղի, իսկ դա կարող է մեծացնել պատերազմի վտանգը. Աղվան Վարդանյան
Այսօր անհրաժեշտ է Հայաստանում ձևավորել 1-2 հստակ օրակարգեր, որոնց շուրջ հասարակությունը կհամախմբվի: Այս մասին այսօր «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանը:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ Վազգեն Մանուկյանի նախաձեռնած «Վերնատուն» ակումբն ի վերջո դառնա քաղաքական ուժ, դնի քաղաքական նպատակներ, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Այս պահին կդժվարանամ ակումբի պարագայում հստակ հեռանկար ուրվագծել, ժամանակը, ընթացքը, քննարկումները ցույց կտան, բայց որ նման ակումբներն ունեն հեռահար նպատակներ, վաղվա տեսլականներ, թե ինչպիսի Հայաստան ենք մենք պատկերացնում, սա ակնհայտ է»։
Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում իշխանությունից դուրս կան առնվազն 5-7 տարբեր ուժային կենտրոններ՝ և քաղաքական, և հասարակական խմբավորումներ, որոնց բոլորի մտահոգությունները մեծ հաշվով նույնն են: «Կկարողանա՞ն նրանք գտնել այն ոսկե միջինը, միասնական օրակարգը...։ Կարծում եմ՝ անհրաժեշտ է այսօր Հայաստանում ձևավորել 1-2 հստակ օրակարգ, որոնց շուրջ հասարակությունը կհամախմբվի»,- նշեց նա։
Անդրադառնալով Արցախի հարցի հետ կապված իշխանությունների որդեգրած քաղաքականությանը՝ Աղվան Վարդանյանն ասաց, որ «քաղաքականություն» ասելը հանցանք կունենա իր մեջ, քանի որ հստակ քաղաքականություն չկա: Նրա խոսքով՝ այսօր արվող հայտարարությունները ուղղակի հակասում են իրար։
«Իրականում այս 1,5 տարվա ընթացքում մենք տեսել ենք տարբեր հակասական հայտարարություններ, արձանագրել ենք մեր նախկին դիրքերից զիջումներ և այն, ինչ այսօր կատարվում է բանակցային գործընթացներում, մտահոգիչ է։ Բանակցությունները, փաստորեն, մտել են փակուղի, իսկ դա կարող է մեծացնել պատերազմի վտանգը, և այն էլ մեր հասարակության այսօրվա վիճակով: Մեկն ասում է փաստաթուղթ չկա սեղանին, մյուսներն ասում են՝ կա: Ի վերջո, որն է այն քաղաքականությունը, որ նույնական է Արցախի իշխանությունների հետ: Մեկ տարի առաջ ասածները և այսօր ասածները իրար ուղղակի հակասում են»,- ընդգծեց Աղվան Վարդանյանը:
Խոսելով դատական համակարգից, քաղաքական գործիչն ասաց՝ այն բիրտ ճնշումները, որ կան դատական համակարգի վրա, այն մեթոդներով, որ այսօր աշխատում են դատարանները, միջնադար է հիշեցնում։ «Այսօր Հայաստանն իրավական պետություն չէ: Այն, ինչ կատարվում է դատարանների հանդեպ մի քանի գործերով, ինչ կատարվում է ՍԴ-ի հանդեպ հեռահար նպատակներով, ակնհայտ է, որ այստեղ իրավական պետություն գոյություն չունի»,- ընդգծեց Աղվան Վարդանյանը:
Անդրադառնալով «Վերնատուն» ակումբին՝ նա նշեց, որ այստեղ հավաքված են հանրությանը մեջ քիչ թե շատ հայտնի մարդիկ՝ պետական, հասարարակական գործիչներ, մտավորականներ, երկրի ընթացքի և ապագայի մասին մտածող մարդիկ։