երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Բանակցային սեղանին այն լուծումն է, որը ենթադրում է Արցախի հայտնվելը Ադրբեջանի կազմում. Մամիջանյան

Բանակցային սեղանին այն լուծումն է, որը ենթադրում է Արցախի հայտնվելը Ադրբեջանի կազմում. Մամիջանյան

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ ընթանում են ռեալ քաղաքական բանակցություններ, որին Ադրբեջանը մոտենում է իր օրակարգով, որը չի բխում Հայաստանի եւ Արցախի շահերից: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

«Ես հիմնվում եմ Ադրբեջանի հայտարարության վրա, թե իրենք ինչի շուրջ են բանակցելու: Չկա այնպիսի մեխանիզմ, որը հնարավորություն կտա տարանջատելով Արցախի հակամարտությունը հայ-ադրբեջանական հարաբերություններից ստանալ բարենպաստ լուծում, դա անհնար է:

Եթե նայեք այսօրվա կառավարիչների խոսույթը՝ բոլորը  փորձում են առաջ տանել հետևյալ թեզը՝  Հայաստանը  որևէ կերպ ներկայացվածություն չունի Արցախում,  Հայաստանը կապ չունի այդ գործընթացի հետ, դա կարգավորվում է նոյեմբերի 9-ով, Հայաստանի հետ հարց չունեք, գնացեք, Ստեփանակերտի հետ խոսեք: 

Երբ տարուց ավել ասում էինք, որ պաշտոնական Երևանը ձեռքերը լվացել է Արցախից,  հերքում էին: Հիմա հրապարակային խոսույթով իշխանություններն ասում են, որ ձեռքերը լվացել են Արցախից, հիմա գոնե կհավատան, որ բանակցային սեղանին այն լուծումն է, որով Արցախը կհայտնվի Ադրբեջանի կազմում»,-հայտարարեց Մամիջանյանը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է ամբողջապես ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Մամիջանյանը հայտնեց, որ այն մանիպուլյացիա է, քանի որ Արցախյան հակամարտությունը երբեք չի եղել տարածքային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև:

«Հայաստանի որեւէ ղեկավար խոսելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, երբևէ Արցախը չի ճանաչել Ադրբեջանի կազմում, այն պարզ պատճառով, որ Արցախն ավելի շուտ է անկախացել՝ այդ ժամանակվա ճշգրիտ իրավունքի տառին համապատասխան, քան ստեղծվել է Ադրբեջանը»,-նշեց Հայկ Մամիջանյանը:

  • Կիսվել: