հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Բախումները հնարավոր է կանխել, եթե ԼՀԿ-ն հավաքի 40% չկողմնորոշված ընտրողների ձայների մեծամասնությունը. Մարուքյան

Բախումները հնարավոր է կանխել, եթե ԼՀԿ-ն հավաքի 40% չկողմնորոշված ընտրողների ձայների մեծամասնությունը. Մարուքյան

«Լուսավոր Հայաստանի» հիմնական ուղերձը երկրում ներքաղաքական հաշտություն, խաղաղություն, համերաշխություն, միասնականություն ձևավորելն է: Այս մասին Երեւանի կենտրոնում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

«Կանգ չենք առնելու, ամեն ինչ անելու ենք, որ ազգային համաձայնությունը, միասնականությունը հաղթի, որովհետև եթե միասնականությունը չհաղթի, մեզ կհաղթի թշնամին»,-ասաց նա:

Անդրադառնալով քաղաքական որոշ ուժերի՝ միմյանց մասին վիրավորանքներ հնչեցնելուն, ագրեսիվ պահվածքին, Մարուքյանն ասաց.

«Այ դրա համար մեր օրակարգը սա է; Եթե ագրեսիվ չլինեին, եղբայրաբար միմյանց վերաբերվեին, մեր օրակարգը այլ կլիներ: Եթե այդպես լիներ, թուրքերը մեր սահմանները հատած չէին լինի: Սրա պատճառն այն է, երկրի ներսում միասնականություն, համերաշխություն չկա, որ թշնամու դեմ կռվեն: ԼՀԿ-ի համար մենք բոլորս հայկական խրամտում ենք, հիմա հայկական խրամատում իրար հետ կռվել, վիճել, եւ չմիավորվել ընդդեմ թշնամու, դա պետակործան մոտեցում է:Մեզ համար հունիսի 21-ն այն գիծն է, որից հետո երկրում պետք է միասնականությունը վերականգնվի։

Լարվածությունն այնքան է սրվելու, որ մարդկանց, իրենց հետևորդներին իրենք տանելու են քաղաքացիական բախումների: Դա հնարավոր է կանխել, եթե ԼՀԿ-ն հավաքի 40% չկողմնորոշված ընտրողների ձայների մեծամասնությունն ու պարտադրի այդ կողմերին համերաշխություն, այլապես եթե հակամարտող մի կողմը հաջողություն ունեցավ, նրա օրակարգը լինելու է մեկւ՝ ոչնչացնել մյուս կողմին: Մյուս կողմն էլ իր ռեսուրսներն է դնելու եւ ժողովրդին հանելու են իրար դեմ: Այդ լիդերները պարիսպներով տներում են ապրում, իրենց մազը չի ծռվելու, ժողովուրդն է փողոցում իրար դեմ կռվելոը»,-հայտարարեց Մարուքյանը՝ հավելելով, որ այդ գզվռտոցին կա այլընտրանք եւ դա «Լուսավոր Հայաստանն» է:

Նա ընդգծեց, որ երկրի անվտանգության առաջին գրավականը ներքին համերաշխությունն է. «Եթե մենք ներսում իրար դեմ կռվենք, թշնամու զորքերը շարժվելու են առաջ»:

Մարուքյանը տեղեկացրեց, որ այսօր քարոզարշավ են իրականացնելու Երեւանի կենտրոնում, բուկլետներ բաժանելով մարդկանց և բարձրախոսով ներկայացնելով իրենց համերաշխության ուղերձներ: ԼՀԿ-ի մյուս խումբը, ըստ նրա, Սյունիքի մարզում է, հանդիպումներ ունի Ագարակում, Քաջարանում, Սիսիանում: Այդ խմբում են ԼՀԿ պատգամավորի թեկնածուներ Գևորգ Գորգիսյանը, Անի Սամսոնյանը և այլք։

  • Կիսվել: