շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բագրատյանը փաստում է՝ Տավուշի չորս գյուղերի հայապատկան լինելու վերաբերյալ 193 հատ ստորագրված արձանագրություն կա

Բագրատյանը փաստում է՝ Տավուշի չորս գյուղերի հայապատկան լինելու վերաբերյալ 193 հատ ստորագրված արձանագրություն կա

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հրավիրված հանրահավաքի ժամանակ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն անդրադարձավ Տավուշի չորս գյուղերի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Փաշինյանի ասուլիսում հնչեցված միտքն այն էր, որ այդ գյուղերը երբեք էլ հայկական չեն եղել: Տալիս ենք գյուղեր, որոնք մերն են եղել բոլոր տեսակի թղթաբանություններով, հետո՞ ինչ, որ այդտեղ ադրբեջանցիներ են ապրել, դա նշանակություն չունի: Այդ գյուղերը տալուց հետո մեզ համար արդեն խնդրահարույց է դառնալու Իրան գնալը ավտոճանապարհով, խնդրահարույց է դառնում Վրաստան գնալը, Թուրքիան էլ այն կողմից կուզի Ամասիան, ու Բավրայի ճանապարհն էլ կփակվի՛՛:

Բագրատյանի խոսքով՝ 80-ական թվականներին 193 հատ ստորագրած արձանագրություն կա, որ այս գյուղերը Հայաստանին են պատկանում, այդ արձանագրությունները ստորագրել է նաեւ Ադրբեջանը:

՛՛Հիշում եք Վլադիմիր Մովսիսյանին, որ թուրքերը փորձում էին փախցնել, Վլադիմիր Մովսիսյանը գնացել էր այդ պրոտոկոլների հետեւից, որ հողերը հետ ստանա, 17 հազար հեկտար հետ ստացավ, բայց միայն Ներքին Հանդում տարիուկես առաջ իրենք հանձնեցին 27 հազար հեկտար՛՛,-ասաց նա:

Լրագրողի հարցին, թե երբ են գործողություններ լինելու, Բագրատյանը նշեց, որ երբ հանրությունը ցույց տա, որ ուժ է ներկայացնում, կլինեն քաղաքական գործողություններ:

՛՛Պահի գալը կապ ունի նրա հետ, թե քանի մարդ ենք մենք հավաքում, արդյոք այս հանրահավաքը արտահայտու՞մ է ժողովրդի մեծ մասի դժգոհությունը, թե՞ մասնավոր մեր ծանոթներն են եկել հանրահավաքին՛՛,-նշեց Բագրատյանը:

  • Կիսվել: