ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Բագրատ Սրբազանը հորդորեց սահմանամերձ բնակավայրերի բոլոր համայնքապետներին անվստահություն հայտնել կառավարությանը

Բագրատ Սրբազանը հորդորեց սահմանամերձ բնակավայրերի բոլոր համայնքապետներին անվստահություն հայտնել կառավարությանը

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հորդորում է սահմանամերձ բնակավայրերի բոլոր համայնքապետներին անվստահություն հայտնել կառավարությանն ու իրականացվող այս գործընթացին։ Այս մասին Կիրանց-Ոսկեպար ճանապարհին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ սրբազանը։

«Հորդորում եմ բոլոր համայնքապետներին` Սյունիքում կլինի, թե որևէ այլ վայրում․․․ Հիմա գործընթացը Տիգրանաշեն է հասնելու, հիմա սկսեն, որպեսզի ամեն ինչն ավարտելուց և բեռն իրենց վզին, ուսերին դնելուց հետո չասեն, որ անհամաձայն են այս ամենի հետ»,- ասաց սրբազանը։

Նրա խոսքով՝ բազմաթիվ հանդիպումներից, զանգերից, խոսելուց հետո միայն Նոյեմբերյանի համայնքապետարանը հայտարարություն տարածեց, որ իրենք չեն ընդունում այս որոշումն ու դուրս են գալիս հանձնաժողովի կազմից։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։

  • Կիսվել: