ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բադասյան. Երեկ ամբողջ օրը հետևել եմ սոցցանցերում հնչող քննադատություններին և ոչ բոլորն են եղել հաճելի

Բադասյան. Երեկ ամբողջ օրը հետևել եմ սոցցանցերում հնչող քննադատություններին և ոչ բոլորն են եղել հաճելի

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր խորհրդանում հայտարարեց, որ երեկ ամբողջ օրը հետևել է զանգերի ֆիքսման նախագծի սոցցանցերում հնչող քննադատություններին և ոչ բոլորն են եղել հաճելի․

«Կարելի է եզրակացնել, որ ՀՀ քաղաքացիներն ամենայն լրջությամբ են վերաբերվում իրենց իրավուքներին և ազատություններին, ուրախալի փաստ է, որ պատրաստ չեն զիջել որևէ իրավունք ու ազատություն։ Եթե բոլոր դեպքերում պատշաճ պարզաբանումներ չեն ներկայացվում, ինչու է անհրաժեշտ թեկուզ համաճարակի հիմքով, թեկուզ արտակարգ դրության ընթացքում այդ իրավունքներն ու ազատությունները սահմանափակել: Դա նշանակում է, որ մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք, որ մեր քաղաքաքիցներին համոզենք, թե ինչու է անհրաժեշտ համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում, այնուամենայնիվ, գնալ հիմնական իրավուքների և ազատությունների որոշ սահամանփակումների»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որ երեկ ընդունվել է առաջին ընթերցմամբ։

Ռուստամ Բադասյանն ասաց, որ քննադատությունների մի մասը պայմանավորված էր նրանով, որ նախագծի հետ չկապված կարծիքներ արտահայտվեցին ամբողջ օրվա ընթացքում, որը նախագծի կարգավորման առարկայի հետ կապ չուներ։

«Այս սահմանափակումները նախ վերաբերում են բացառապես համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրությանը, արտակարգ դրության ավարտից հետո որևէ սահամանփակում չի գործելու, որևէ նոր տվյալ քաղաքացիների մասին չի հավաքվում և չի մշակվում, օպերատորների մոտ արդեն առկա տվյալները համատեղվում են մեկ միասնական բազայում՝ համաճարակի դեմ պայքարելու համար, բոլոր մեկտեղված տվյալները ենթակա են լինելու ոչնչացման արտակարգ դրության ավարտից հետո, այս ամենը որևէ կերպ չի ենթադրում հեռախոսային խոսակցության բովանդակության բացահայտում, կարևոր է միայն զանգի կատարման և տեղակայման փաստը»,- նշեց նա:

Բադասյանը նաև ասաց, որ առողջապահության ոլորտի պետական կառավարման մարմինները նունպես պետք է պահպանեն տվյալների գաղտնիությունը ինչպես արտակարգ դրության ժամանակ, այնպես էլ հետո:

Նա նաև հայտնեց, որ նախորդ օրը պետաիրավական հանձնաժողովում տեղի ունեցած  քննարկումների ժամանակ օրենքի նախագիծը լրամշակվել է։

  • Կիսվել: