շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
2023 թվականը կարող ենք բնորոշել որպես ստվերի դեմ արդյունավետ պայքարի տարի. Բադասյան

2023 թվականը կարող ենք բնորոշել որպես ստվերի դեմ արդյունավետ պայքարի տարի. Բադասյան

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2023 թվականին ապահովել է  2 տրիլիոն 221 միլիարդ դրամի հարկային մուտքեր, ինչը 296 մլրդ դրամով ավելի է 2022 թվականից։ Հրավիրված  ասուլիսում ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշեց, որ 2023 թվականն, ընդհանուր առմամբ, կարելի է բնորոշել ստվերի դեմ պայքարի տարի։

«Շուտով կամփոփվեն անվանական ՀՆԱ-ի ցուցանիշները։ Մեր կարծիքով, կառավարության ծրագրով սահմանված թիրախն, ըստ որի 0,5 տոկոսային կետով հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը պետք է բարելավվեր, 2023-ին կատարվել է։ Ընդ որում, աճը գրանցվել է բոլոր հարկատեսակների գծով, բացառությամբ բնօգտագործման վճար հանդիսացող ռոյալթիի։ Այս մասով մուտքերը նվազել են, պատճառը մետաղների միջազգային գներն են»,-ասաց Ռուստամ Բադասյանը։

Ներկայացնելով 2023-ի վարչարարության գործընթացը՝ ՊԵԿ նախագահը տեղեկացրեց, որ իրականացրել են 1186 համալիր հարկային ստուգումներ, որոնց արդյունքում վերականգնվել է 38,4 մլրդ դրամ։ Դրանից բացի, կոշտ վարչարարություն չենթադրող գործիքակազմի՝ վերլուծական գործիքներով ուսումնասիրությունների միջոցով 2023 թվականին 55 մլրդ դրամի վերականգնում է եղել։

Դեռ 2022 թվականին ներդրվել էր համակարգ, որով սկսել էր հարկվել խոշոր կորպորացիաների էլեկտրոնային ծառայությունները։ 2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին այս նոր գործիքակազմի միջոցով գրանցվել է 2,5 մլրդ դրամի մուտք։ Սա վերաբերում է «Ֆեյսբուք»-ի, «Գուգլ»-ի և նման կորպորացիաների կողմից վճարվող հարկերին։

ՊԵԿ-ն առաջին անգամ ստուգումների տարեկան ծրագիրը կազմելիս կիրառել է արհեստական բանականության և մեքենայացված ուսուցման գործիքները։ Ստուգումների ցանկի 10 տոկոսը կազմվել է այդ գործիքակազմի միջոցով։

Ներդրման փուլում է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը: Ռուստամ Բադասյանը վստահեցրեց, որ ընթացիկ տարվա մարտին արդեն պատրաստ կլինի վեբ տարբերակը։ Այս ընթացքում իրականացվում է իրազեկման աշխատանք առաջին տարում հայտարարատու անձանց շրջանում՝ նրանք պետական, համայնքային ծառայողներն են, 1 մլրդ դրամից ավելի շրջանառություն ունեցող բաժնետերերը, որպեսզի մայիսից կարողանան ներկայացնել հայտարարագրերը։

Նախորդ տարի կատարվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք միտված են հարկային կարգապահության ամրապնդմանը։

  • Կիսվել: