կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բա կարտոֆիլի դեպքին արձագանքել է, ազգին «ոչխար» անվանելուն չի արձագանքել․ Աղազարյանը՝ Թագուհի Թովմասյանի թերացումների մասին

Բա կարտոֆիլի դեպքին արձագանքել է, ազգին «ոչխար» անվանելուն չի արձագանքել․ Աղազարյանը՝ Թագուհի Թովմասյանի թերացումների մասին

Հանձնաժողովի նախագահը ունի շատ լուրջ լիազորություններ և դրա համար ստանում է էական հավելյալ աշխատավարձ, քան շարքային պատգամավորները: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ խոսելով Թագուհի Թովմասյանին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու պատճառների մասին:

«Եթե մեր հիմնավորումները լինեին անհիմն, կարող էր խնդիր լինել, բայց եթե հիմնավորումները կան, փաստացի արձանագրված են, ապա խնդիր չեմ տեսնում: Թովմասյանը հայտնի նիստի ժամանակ չի զսպել մարդու իրավունքների պաշտպանի ընդդիմության թեկնածու Էդգար Ղազարյանին և որևէ կարծիք չի հայտնել նրա՝ ՀՀ քաղաքացիների մեծ մասի հասցեին հնչեցրած վիրավորանքներին»,- ասաց Աղազարյանը:

Լրագրողի դիտարկմանը, թե ինքը քաղաքացու կարտոֆիլը թափել է, իր վարքն ինչպե՞ս է գնահատում, ԱԺ պատգամավորը արձագանքեց:

«Տեսնում եք՝ Թագուհի Թովմասյանը այստեղ էլ է թերացել և չի պաշտպանել ձեր ասած կարտոշկա վաճառողի իրավունքները»,- ասաց Աղազարյանը, որին լրագրողները հակադարձեցին, որ Թովմասյանը խոսել է դեպքի մասին. «Բա կարտոֆիլի դեպքին արձագանքել է, ընդդիմության կողմից առաջադրվող պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի թեկնածուի՝ ազգին «ոչխար» անվանելուն չի արձագանքել»:

Աղազարյանը նաև նկատեց՝ թեկնածու ներկայացնելը քվոտայով պատկանում է ընդդիմությանը, հետևաբար նրանք պետք է ներկայացնեն հաջորդ թեկնածուին, իսկ հանձնաժողովի աշխատանքները, անկախ ամեն ինչից, կազմակերպվում են:

  • Կիսվել: