հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱԺԲ վարչապետի թեկնածուն Վարուժան Ավետիսյանն է. հայտարարություն

ԱԺԲ վարչապետի թեկնածուն Վարուժան Ավետիսյանն է. հայտարարություն

Ազգային-ժողովրդավարական Բևեռը գտնում է, որ ժամանակն է ազդարարել անցումային կառավարության վարչապետի և պետության ղեկավարի իր թեկնածուի անունը: Այդ առնչությամբ Ազգային-ժողովրդական բևեռը հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.

«Ռուս-ուկրաինական պատերազմով սկսված համաշխարհային ներկա հակամարտության ուղեծրում գտնվող Հարավային Կովկասում լարումն առաջիկայում սաստկանալու է:
Թուրք-ադրբեջանա-ռուսական մեծացող ճնշումները` հօգուտ Զանգեզուրի միջանցքի, Բերձոր-Աղավնո-Սուս բնակավայրերի հապշտապ էթնիկ զտումը հայերից, Ռուսաստանի ԱԳՆ բողոքի խելահեղ նոտան, ԱՄՆ, Իրանի, Ռուսաստանի հետախուզական գործակալությունների ղեկավարների Հայաստան այցելությունները, Սուրմալուի աղետը, հայկական ոստիկանության կողմից ռուսական ոստիկանության բռնի գործողությունների կապկումները` ազատ խոսքի եւ հավաքների ազատության դեմ` Հայաստանը հաստատուն քայլերով մոտեցնում են մի կողմից ինքնիշխանության եւ պետականության կորստյան, ինչպես նաև արտաքին` օտար կառավարման կետին, մյուս կողմից` պոտենցիալ նախապայմաններ են ստեղծում Հայաստանի իրական ապագաղութացման համար: 

Հայաստանի ռեժիմի վարքագիծն ապացուցում է, որ այն չի ցանկանում դիմագրավել մարտահրավերներին և ինչպես 44- օրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ այժմ, որդեգրել է ռուս-թուրքական ճնշումների առջև քայլ առ քայլ նահանջելու քաղաքականություն և շարժվում է դեպի Հայաստանի ինքնիշխանության հստակորեն տեսանելի կորուստ` հավանաբար իշխանափոխության տեսքով և Մոսկվային, հետևաբար և Անկարային սեփական ճակատագիրը կամովին հանձնելու ուղով: 

Թշնամու հետևողական առաջխաղացումը մենք տեսնելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ Երեւանում չի ձևավորվել ազգային շահեր հետապնդող անցումային կառավարություն: 
44-օրյա պատերազմի կորուստները լինելու են անվերջ։ Այնքան ժամանակ` մինչև Հայաստանում չգիտակցվի, որ այս իշխանության օրոք չի դադարելու հայկական շահերի ծրագրված և հետևողական հանձնումը: 
Ընթացող աղետի պայմանններում հակաճգնաժամային արտակարգ քայլերի անհրաժեշտությունը բացարձակ է։ 

Հետևաբար, դրանցից առաջինով Ազգային-ժողովրդավարական Բևեռը գտնում է, որ ժամանակն է ազդարարել անցումային կառավարության վարչապետի և պետության ղեկավարի իր թեկնածուի անունը: 

Այդ թեկնածուն ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆՆ է։ 
Վարուժան Ավետիսյանը ներկայումս գտնվում է բանտում: Նա և իր ապստամբ ընկերները վերստին ձերբակալվեցին Հայաստանի Հանրապետության հիմնադրման օրը՝ մայիսի 28-ին: 
Այս ռեժիմը վախենում է, ոչ թե «հներից», որոնց ազատորեն ճամփորդելու և դրսում «բուժելու» հնարավորություն է տալիս, այլ` հենց Վարուժան Ավետիսյանից և նրա գաղափարակիցներից: 

Թշնամու հայաստանյան կոլաբորացիոնիստների կողմից Բևեռի հետապնդումը բացահայտորեն վկայում է, որ իրենց մարդկային առաջնորդությամբ, թիմով, ապագաղութացման օրակարգ, անցումային փուլի վարում և երկրում համերաշխության վերականգնում ներառող ճանապարհային քարտեզով` ներքին թշնամիների այլընտրանք է հանդիսանում Ազգային-Ժողովրդավարական Բևեռը` ներառյալ Խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը:

 
Վարուժան Ավետիսյանն օժտված է առաջնորդության և կառավարման բացառիկ ձիրքով, բարոյական բարձր հատկանիշներով և սկզբունքայնությամբ, գաղափարական պատրաստվածությամբ, արտակարգ իրավիճակներում ցուցաբերվող կամային որակներով, վճռականությամբ, լայնախոհությամբ և իմաստնությամբ: 
Վարուժան Ավետիսյանը Հայաստանի փրկության դրոշակակիրն է: 
Վարուժան Ավետիսյանը մեր թեկնածուն է։ 
Վարուժան Ավետիսյանը Հայաստանի ապագա վարչապետն է»։

  • Կիսվել: