ԱԺ-ում քննարկվեց և ընդունվեց «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը
Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում քննարկում էր «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
Զեկուցող ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանն ասաց, որ առաջարկվող կարգավորումներով ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար կսահմանվի 5 տարվա դիվանագիտական ծառայության ստաժ՝ նախկին 10 տարվա փոխարեն։
«Քաղաքացիական ծառայության մասին օրենքում գլխավոր քարտուղար-աշխատակազմի ղեկավարի համար սահմանված է 10 տարվա դիվանագիտական ծառայության ստաժ, ինչը փոքրացնում է այս պաշտոնին հավակնող մարդկանց շրջանակը։ Մենք կարծում ենք, որ այս հնարավորությունը պետք է օգտագործվի, որպեսզի այս պաշտոնին հավակնող մեր հայրենակիցների հնարավորինս մեծանցվի», - ներկայացրեց Վաղարշակ Հակոբյանը։
Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն էլ ասաց, թե ողջունում է պատգամավորների նախաձեռնությունը՝ վերանշյալ փոփոխությունն իրականացնելու համար։
Հարցի քննարկման հրատապությունը դուր չեկավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին։
«Կուզեի հասկանալ, թե ինչո՞վ է պայմանավորված հրատապությունը, հաշվի առնելով որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը տեղյակ չէ այս նախագծից և մեզ չի ուղարկվել կարծիքի», - նշեց նա։
Փոխնախարարն ասաց, թե հարցը ոչ այնքան հրատապության մեջ է, որքան՝ այդ գործընթացն առաջ տանելու մոտեցումն է։
«Անկեղծ ասած չեմ հասկանում, թե ինչո՞ւ է շրջանցվել ԱԺ-ի ինստիտուցիոնալ ճանապարհը՝ լիագումար նիստ հասնելուց առաջ հարցը քննարկել հանձնաժողովում», - արձագանքեց Աղաջանյանը՝ առաջարկելով հետաձգել հարցի քվեարկությունըմ ներառել այն հանձնաժողովի նիստում, դրանից հետո արդեն քվեարկել։
Այդուամենայնիվ, նախագիծը քվեարկվեց և ընդունվեց ԱԺ-ի կողմից։



