հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԱԺ-ն ընդունեց Պարեկային ծառայություն ստեղծելու վերաբերյալ նախագիծն ու մի շարք այլ օրինագծեր

ԱԺ-ն ընդունեց Պարեկային ծառայություն ստեղծելու վերաբերյալ նախագիծն ու մի շարք այլ օրինագծեր

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Oրենքի նախագծով նախատեսվող իրավակարգավորումների արդյունքում հնարավոր կլինի արտադատական կարգով լուծել շարժական գույքի ապամոնտաժման հարցը, որը հնարավորություն կտա անշարժ գույքի սեփականատերերին առանց ժամանակի մեծ կորստի եւ ծախսերի ազատել իրենց սեփականության իրավունքով պատկանող տարածքը ոչ հիմնական շինություններից:

Կառավարության հեղինակած նախագիծն ընդունվեց միաձայն՝ 113 «կողմ» ձայնով:

Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ևս մեկ նախագիծ՝ պատգամավորներ Նիկոլ Բաղդասարյանի և Նազելի Բաղդասարյանի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը վերաբերում է հարցաքննություն քննչական գործողության կատարման արձանագրմանը՝ տեսաձայնագրառման եղանակով։

Նախագծին կողմ քվեարկեց 113 պատգամավոր։

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Ոստիկանության մասին» և «Ոստիկանության ծառայության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարեու մասին օրենքների նախագծերի փաթեթը։

Փաթեթին կողմ քվեարկեց 112 պատգամավոր։

ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և  դրանից  բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրով նախատեսվում է վերափոխել և հանրությանը ներկայացնել լիովին նոր ոստիկանություն: Որպես ռազմավարական հիմնական նպատակ է առաջադրվել մասնագիտացված, պատասխանատու և վստահելի ոստիկանի նոր կերպարի ստեղծումը:

Նշված նպատակին հասնելու առաջնային քայլերից  մեկը ոստիկանության արտաքին ծառայության վերափոխումն է:

Այսպիսով, նախագծով ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայությունների փոխարեն նախատեսվում է պարեկային ծառայության ներդրում: Ծառայության կարող են անցնել 18-35 տարեկան զինվորական ծառայություն անցած և միջնակարգ կրթություն ունեցող քաղաքացիները՝ համապատասխան պատրաստվածություն անցնելուց  հետո:

Պարեկային ծառայությունում աշխատանքի համար դիմորդների ընդունելության Ժամկետները հետևյալն են.

• Դիմորդների ընդունելության սկիզբը՝ 2020թ. հունիս
• Ընդունելության քննությունները՝ 2020թ. հուլիս
• Դասընթացների սկիզբը՝ 2020թ. սեպտեմբեր
• Ուսուցումը՝ 5 ամիս

 

Դիմորդներին ներկայացվող պահանջները՝

  • 18-35 տարեկան ցանկացած անձ, ով ունի առնվազն միջնակարգ կրթություն
  • Անցել է պարտադիր զինվորական ծառայություն (տղամարդկանց դեպքում)
  •  Ընդունելության համար աշխատանքային փորձ չի պահանջվում
  •  Ընդունելության հավասար արդյունքների դեպքում իգական սեռի դիմորդները կունենան ընդունելության առավելություն

Վարձատրությունը՝

 Ուսման ընթացքում՝ 68.000 ՀՀ դրամ կրթաթոշակ, իսկ ոստիկանության ծառայողների դեպքում աշխատավարձի պահպանում։
• Ծառայության ընթացքում՝ նվազագույն աշխատավարձը՝ 320.000 ՀՀ դրամ (հարկված՝ 237.400դրամ):

  • Կիսվել: