շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 5 պատգամավոր անձնական երաշխավորություն է ներկայացրել հոլիվուդյան հայազգի կինոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանի խափանման միջոցի փոփոխության համար. փաստաբան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 5 պատգամավոր անձնական երաշխավորություն է ներկայացրել հոլիվուդյան հայազգի կինոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանի խափանման միջոցի փոփոխության համար. փաստաբան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 5 պատգամավոր անձնական երաշխավորություն է ներկայացրել հոլիվուդյան հայազգի կինոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանի խափանման միջոցի փոփոխության համար: Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Մարտիրոսյանի պաշտպան Կարեն Բատիկյանը:

«Այդ պատգամավորներն են Նիկոլայ Բաղդասարյանը, Հայկ Սարգսյանը, Սիսակ Գաբրիելյանը, Սերգեյ Ատոմյանը և Ռուստամ Բաքոյանը»,-ներկայացրեց նա:

Վերջինիս փոխանցմամբ՝ ապրիլի 23-ին ընդհանուր վերաքննիչ բողոքի քննություն է նշանակված, որին էլ միացվել է միջնորդության քննությունը, բայց փաստաբանը միջնորդություն է ներկայացրել, որ անձնական երաշխավորությամբ խափանման միջոցը փոխելու քննարկումն ավելի շուտ կատարվի:

«Ստեփան Մարտիրոսյանի առողջական վիճակը լավ չէ, նաև կորոնավիրուսի ռիսկային խմբում է գտնվում, այդ պատճառով խնդրել եմ դատարանին, որպեսզի արտահերթ կարգով քննարկում իրականացվի»,-հայտնեց նա:

Հիշեցնենք, որ Ստեփան Մարտիրոսյանը մեղադրվում էր «Հայբիզնեսբանկի» սեփականատեր, ՌԴ քաղաքացի, միլիարդատեր Վիտալի Գրիգորյանցից առանձնապես խոշոր չափի՝ 49 միլիոն 45 հազար դոլարի հափշտակություն կատարելու համար։

Ըստ մեղադրանքի՝ «Հայբիզնեսբանկի» սեփականատերը Ստեփան Մարտիրոսյանի միջոցով 2011-2013 թվականներին 97 մլն դոլար է ներդրել ամերիկյան ֆիլմարտադրության մեջ։ Այդ ընթացքում նկարահանվել է ընդհանուր առմամբ 14 ֆիլմ, սակայն այդ բիզնեսը շահութաբեր չի եղել, և Գրիգորյանցը չի ստացել այն եկամուտը, ինչն ակնկալվում էր, որից հետո էլ իր երբեմնի ընկերոջ դեմ 2017 թվականին հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին։ Դրանից հետո Մարտիրոսյանը Մոսկվայում ձերբակալվել է, մոտ մեկ տարի մնացել Մոսկվայում գտնվող բանտում, ապա արտահանձնվել է Հայաստան, որտեղ էլ երկու անգամ գրավի դիմաց ազատության մեջ մնալուց հետո այս տարվա հունվարի 14-ին, հենց վճռի հրապարակումից հետո դատապարտվել է 7 տարվա անազատության ու կալանավորվել հենց դատարանի դահլիճից։ Ներկայումս Մարտիրոսյանը գտնվում է «Արմավիր» ՔԿՀ-ում։

  • Կիսվել: