ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ՍԴ նախագահին և դատավորներին փոխարինելու նախագիծը

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ՍԴ նախագահին և դատավորներին փոխարինելու նախագիծը

Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը, որի օրակարգում մեկ հարց է՝ «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների» նախագիծը։

Նշենք, որ արտահերթ նիստին «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցում, քանի որ համարում են՝ նիստի օրակարգում ներկայացվածը հակասահմանադրական նախագիծ է։

Նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության 50-ից ավելի պատգամավորներ, որոնք առաջարկում են փոփոխություններ կատարել Սահմանադրության 213-րդ հոդվածում:

Այսպիսով, նախագծով նախատեսվում է մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարել ավարտված և պաշտոնավարումը դադարեցնել։ 

Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամը, ում պաշտոնավարումը չի դադարում սույն հոդվածի 1-ին մասի ուժով, շարունակում է պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր մինչև այդ պաշտոնում նրա պաշտոնավարման 12 տարին լրանալը` հաշվի առնելով նաև մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը որպես Սահմանադրական դատարանի անդամ պաշտոնավարած ժամկետը:

Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը: Սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած` Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերի համար առաջադրումները կատարվում են թափուր տեղն առաջանալուց հետո` մեկամսյա ժամկետում:

Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարումը դադարում է: Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվում է Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով, որն իրականացվում է Սահմանադրական դատարանի դատավորների` սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո:

Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Կիսվել: