չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ

«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ

«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ․

Հայության առջև ծառացած բախտորոշ մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ է հստակ հրաժարվել օտարի վերահսկողության ներքո անպատիվ գոյատևելու արատավոր կենսակերպից, և միաբանվել Հայոց պետական ինքնիշխանության ամրապնդման ու միջազգային սուբյեկտայնության վերականգնման գաղափարները կյանքի կոչելու շուրջ։ 

Մինչդեռ ապազգային և հակապետական համակարգը այսօր ի դեմս Փաշինյանի և իր իշխանախմբի շարունակում է թիրախավորել մեր անկախ պետականությունը և կազմաքանդել պետությունը, թշնամուն հանձնել հայկական, ներառյալ՝ Արցախ երկրամասի ազգային-պետական տարածքները, հրաժարվել Ցեղասպանության ու Հայրենազրկման հետևանքների համատեքստում պետականորեն հնարավոր հատուցում ստանալու իրավունքից, և ի վերջո շարունակում է հետևողականորեն սպասարկել Հայաստանը ու Հայությանը վերջնական և ամբողջական կապիտուլյացիայի ենթարկելու օրակարգը։

 

Այդ տեսակետից մասնավորապես արձանագրում ենք հետևյալը․ 

1. Կրավորական կեցվածքով շարունակ բարձրաձայնում են «խաղաղության դարաշրջանի» պարտվողական դրույթը, այն դեպքում, երբ թուրք-ադրբեջանական կողմը կիրառելով հիբրիդային պատերազմին հատուկ գործիքակազմը, այդ թվում՝ պարբերական ռազմական հարձակումները հնարավորություն է ստանում հաջորդաբար հասնել իր նախանշած նպատակներին։

2. Հնչեցնում են կեղծ ու սին պնդումներ առ այն, թե աշխարհաքաղաքական կենտրոնների և միջազգային հանրության դիրքորոշումները հակադիր են Հայության ազգային և պետական շահերին, և նմանատիպ թեզերով նպատակ են հետապնդում վերջնականապես ընկճել մեզ ու տրամադրել ինքնիշխանության և ինքնության հետ կապված ցանկացած անդառնալի զիջումների։

3. Հայության թշնամիների հետ հարաբերություններում մեր ազգային ու պետական շահերը դարձնում են սակարկման առարկա, ճանաչում և արձանագրում են հայկական ազգային տարածքների վերամիավորման համար մղած պայքարի վերջնական պարտությունը, և այդ կերպ փաստորեն փակում են մեր կենսական հիմնախնդիրների լուծման հնարավորությունները։

4. Առանց Հայկական հարցը ներկայացնող համարժեք օրակարգի հետևում են Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման անհեռանկար դիրքորոշմանը, ինչին հակառակ՝ թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է հանդես գալ համադրված կայուն մոտեցումներով ու պահանջներով և գործել միայն իրենց ընդհանրական շահերի թելադրանքով։

Ելնելով ստեղծված իրադրությունից վերահաստատում և հայտնում ենք հետևյալ առաջնահերթությունները․

Ա)  Ազգային-ազատագրական պայքարի միջոցով իշխանազրկել Փաշինյանին ու իր վարչախմբին, և բացառել երկիրը տիրող հակահայ իշխանական համակարգի վերարտադրությունը՝ գործողը օտարի հերթական կամակատար վարչախմբով փոխարինելու միջոցով:

Բ)  Ապօրինի հայտարարել 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, 2020 ու 2021 թվականների երեք եռակողմ կապիտուլյացիոն հայտարարությունները, և հետևողական անհաշտ պայքար մղել առաջացած հետևանքները առավելագույնս վերացնելու նպատակով։

Գ)  Հռչակել, որ Արցախի ազատագրման վերջնանպատակը վերամիավորումն է Հայաստանի հետ, և միակամորեն հայտարարել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը եղած սահմանները վերականգնելու նպատակի մասին։

Հաշվի առնելով վերոգրյալը, «Ազգային օրակարգ» կուսակցությունը կրկին անգամ վերահաստատում է իր հանձնառությունը ազգային-ազատագրական պայքարի միջոցով ձերբազատվել Փաշինյանից և իր վարչախմբից՝ համախմբվելով ազգայնական իշխանությամբ Ազգային պետություն ձևավորելու կենսական նպատակի շուրջ։

  • Կիսվել: