ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ազատ և անկախ մամուլը  ժողովրդավարական վերափոխման շարժիչ ուժն է․ Զ․ Մնացականյան

Ազատ և անկախ մամուլը ժողովրդավարական վերափոխման շարժիչ ուժն է․ Զ․ Մնացականյան

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհավորական ուղերձ է հղել մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ։

Շնորհավորում եմ մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ բոլոր մամուլի ներկայացուցիչներին և նրանց հսկայական լսարանին: 

Մամուլի ազատության համաշխարհային օրվա խորհուրդն առավել ընդգծված է այսօր, երբ ողջ միջազգային հանրությունն առերեսվում է նոր տիպի կորոնավիրուսի հետևանքով առաջացած գլոբալ մարտահրավերներին: Այդ մարտահրավերների հաղթահարումը ենթադրում է քաղաքացիական համերաշխություն, որի ձևավորման կարևորագույն գրավականն է վստահելի ու փաստերի վրա հիմնված տեղեկատվության հասանելիությունը:  

Ազատ և անկախ մամուլը ժողովրդավարական հասարակությունների կենսունակության և  ժողովրդավարական վերափոխման շարժիչ ուժն է: Մամուլի և խոսքի ազատությունը Հայաստանի կարևորագույն նվաճումներից է, որին Հայաստանի հասարակությունը հասել է ազատության արժեքներին իր ձգտմամբ, իր ժողովրդավարական ընտրությամբ և այդ ընտրությունը պաշտպանելու ունակությամբ: 

Հայաստանը մեծապես կարևորում է խոսքի ազատությունը և լրատվամիջոցների անխափան գործունեության երաշխավորումը, տեղեկատվության հասանելիությունը, առավել ևս հակամարտության գոտիներում: Ազատ խոսքը և ազատ արտահայտվելու իրավունքը մեծ ներդրում կարող են ունենալ ժողովուրդներին խաղաղության պատրաստելու գործում»,- ասված է նախարարի ուղերձում։

  • Կիսվել: