ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Այվազյանն ու Լըմուանն ընդգծել են ԼՂ հարցի կարգավորման հրամայականը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո (տեսանյութ)

Այվազյանն ու Լըմուանն ընդգծել են ԼՂ հարցի կարգավորման հրամայականը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո (տեսանյութ)

Հունվարի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպեց Հայաստանում աշխատանքային այցով գտնվող Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի և նրա գլխավորած պատվիրակության հետ։

Հայաստանի ԱԳ նախարարը և Ֆրանսիայի պետքարտուղարը հանգամանալից քննարկում ունեցան հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի շուրջ՝ վերահաստատելով փոխադարձ պատրաստակամությունը գործնական քայլեր ձեռնարկելու բազմաոլորտ գործընկերության ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ: Որպես առաջնահերթություն ընդգծվեց առևտրատնտեսական համագործակցության ներուժի արդյունավետ օգտագործումը, ներառյալ՝ Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից Հայաստանում թիրախային նոր ծրագրերի իրականացման, ներդրումային նոր հնարավորությունների դիտարկման միջոցով։

Նախարար Այվազյանը և պետքարտուղար Լըմուանն անդրադարձան նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին: Նախարար Այվազյանն իր երախտագիտությունը հայտնեց Ֆրանսիային՝ Արցախի և հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի առնչությամբ անկողմնակալ դիրքորոշում և գնահատական հայտնելու համար:

Երկուստեք ընդգծվեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական կարգավորման հրամայականը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղության գործընթացի շրջանակում: Նախարար Այվազյանն նշեց, որ տարածաշրջանում տևական խաղաղության, անվտանգության և կայունության հաստատման առանցքը Արցախի իրավական կարգավիճակի սահմանումն է՝ հիմնված արցախահայության ինքնորոշման իրավունքի վրա։

ՀՀ ԱԳ նախարարը պետքարտուղար Լըմուանի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հարցին և այդ ուղղությամբ Ադրբեջանի կողմից  հարուցվող շինծու խոչընդոտներին։   

Քննարկումների կենտրոնում էին նաև հայկական պատմամշակութային կոթողների պահպանման հարցերը: Այս համատեքստում զրուցակիցները կարևորեցին ինչպես միջազգային մասնագիտացված կառույցների, հատկապես, ՅՈՒՆԵՍԿՕ-ի անխափան ներգրավվածությունը, այնպես էլ երկկողմ համագործակցության հնարավորությունների օգտագործումը:    

  • Կիսվել: