հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Այսուհետ սոցփաթեթի շահառուները կարող են օգտվել նաև մարզասրահներից ու լողավազաններից

Այսուհետ սոցփաթեթի շահառուները կարող են օգտվել նաև մարզասրահներից ու լողավազաններից

Հայաստանում սոցփաթեթի շահառուներին տրամադրվող ծառայությունների շրջանակը կընդլայնվի․ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից առաջարկվող փոփոխությունները։

Ըստ այդմ՝ սոցփաթեթի համար հատկացվող միջոցները կարող են ուղղվել նաև մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համար սահմանված վճարի, ինչպես նաև պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարմանը։

Ինչպես տեղեկացնում  են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, սոցփաթեթի շահառուները կկարողանան նոր ծառայություններից օգտվել սոցփաթեթի հատկացման կարգում (Կառավարության 27.12.2012 N 1691-Ն որոշում) համապատասխան ընթացակարգերը սահմանելուց հետո միայն․ ներկայումս շրջանառվում է այդ ընթացակարգերը սահմանող համապատասխան նախագիծը։

Հիշեցնենք, որ սոցիալական փաթեթի միջոցները հնարավոր է ուղղել նաև շահառուի՝ Հայաստանում և Արցախում հանգստի կազմակերպմանը, հիփոթեքային վարկի ամսական վճարի, ուսման վճարի մարմանն ու սոցփաթեթի շահառուի առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթի և (կամ) սոցփաթեթի շահառուի ընտանիքի անդամի առողջության ապահովագրության նվազագույն բազային փաթեթի ձեռքբերմանը։

Սոցփաթեթի շահառու են հանդիսանում ոչ միայն պետական կառավարման համակարգի աշխատողներն, այլև հանրակրթական ուսումնական հաստատությունների, գրադարանների, թանգարանների, համերգային կազմակերպությունների, թատրոնների և մի շարք այլ կազմակերպությունների աշխատողները: Սոցփաթեթի շահառու չեն հանդիսանում քաղաքական, պետական վարչական պաշտոն զբաղեցնող և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք:

  • Կիսվել: