շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Այստեղ ենք՝ հայտնելու մեր համերաշխությունը Հայաստանին եւ հայ ժողովրդին նման բարդ ժամանակներում. Ժոֆրուա Դիդիեն՝ Սարգիս Խանդանյանին

Այստեղ ենք՝ հայտնելու մեր համերաշխությունը Հայաստանին եւ հայ ժողովրդին նման բարդ ժամանակներում. Ժոֆրուա Դիդիեն՝ Սարգիս Խանդանյանին

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը դեկտեմբերի 5-ին հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեի գլխավորած պատվիրակությունը:

«Սա մեր առաջին այցն է Հայաստան: Այստեղ ենք՝ հայտնելու մեր համերաշխությունը Հայաստանին եւ հայ ժողովրդին նման բարդ ժամանակներում»,- ասել է Ժոֆրուա Դիդիեն:

«Կարեւորում եմ ձեր այցը Հայաստան նման ճգնաժամային իրավիճակում եւ բարձր եմ գնահատում ձեր ցուցաբերած համերաշխությունը, այն արագ արձագանքը, որը ԵԽ-ն ցուցաբերում է մեր երկրի ու ժողովրդի նկատմամբ: Համերաշխությունն ակնառու է նաեւ ԵԽ-ում կատարվող աշխատանքներում: Բանաձեւերը, որոնք ընդունել է ԵԽ-ն, շատ կարեւոր են Հայաստանի համար: Դրանք ուղեցույց եւ օրինակ են ԵԽ մյուս երկրների համար՝ որպես գործողությունների ծրագիր»,- ասել է Սարգիս Խանդանյանը:

Սարգիս Խանդանյանն ընդգծել է, որ Հայաստանը, ի հեճուկս դժվարին անվտանգային մարտահրավերների, անշեղորեն հետամուտ է ժողովրդավարական բարեփոխումների իր հանձնառությանը եւ ակնկալում է ԵԽ գործուն աջակցությունը:

Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության հեռանկարներին եւ ուղիներին վերաբերող հարցեր:

  • Կիսվել: