կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Այսօր կա երկու եռանկյունի՝ ՌԴ-Չինաստան-Իրան եւ ԱՄՆ-ԵՄ-Թուրքիա․ մենք պետք է ընտրություն կատարենք. Արմեն Գեւորգյան

Այսօր կա երկու եռանկյունի՝ ՌԴ-Չինաստան-Իրան եւ ԱՄՆ-ԵՄ-Թուրքիա․ մենք պետք է ընտրություն կատարենք. Արմեն Գեւորգյան

Եթե խոսում ենք նոր որակի պետության մասին, իսկ ես կարծում եմ, բանավեճը դրա շուրջ պետք է լինի, այդ իմաստով պետք է խոսենք 5-րդ հանրապետության մասին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 9-ին, «Հայաստանի հեռանկարը նոր տարածաշրջանում» խորագրով քննարկման ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը:

«Անկախ Հայաստանի 33 տարիների ընթացքում ձեւավորված ժամանակահատվածները եւ ավանդույթները տարբեր բաների մասին էին: Մի հատված կար, երբ մեր ժողովուրդն ուներ հպարտանալու եւ աշխարհին ներկայանալու առիթներ, մի հատված կար, երբ այդ առիթները վերջացան, չկան եւ մենք, ցավոք սրտի, հայտնվել ենք մի վիճակում, երբ փորձում ենք ինքներս մեզ վերագտնել: Դա դժվար է լինելու, հատկապես, մեր տարածաշրջանում:

Մենք ունենք կարեւորագույն խնդիր, դա մեր ընտրության խնդիրն է, որը պայմանավորելու է նաեւ մեր ներքին զարգացումները: Դա շատ դժվար, բայց կարեւոր ընտրություն է: Դա ոչ թե Արեւմուտք-Արեւելք ընտրություն է, այլ ընդհանրապես այն անվտանգային համարժեքային կոորդինատների համակարգի ընտրության մասին է, որի ներսում ձեւավորվելու է մեր ապագան: Մենք այդ ընտրության առջեւ կանգնել ենք խիստ արդիական ձեւով»,-ասաց նա:

Գեւորգյանի խոսքով, նախ պետք է հասկանալ, թե ինչ տարբերակներ կան. «Այսօր աշխարհում ձեւավորվում են զարգացումների կարճաժամկետ հեռանկարների տեսակետից անվտանգության եռանկյունիներ: Կոնկրետ մեր դեպքում ես տեսնում եմ մի եռանկյունի՝ Ռուսաստան-Չինաստան-Իրան ազդեցության միջավայրը, եւ ԱՄՆ-ԵՄ-Թուրքիա եռանկյունին: Ուզենք-չուզենք, պետք է հասկանանք՝ որտեղ ենք տեսնում մեր ապագան: Մեր երկրի ապագա խաղաղությունը, դրա երկարատեւությունը, արժանապատվությունը ցավոք, արդեն մեզնից չի կախված, որովհետեւ ստեղծել ենք այնպիսի պայմաններ, որ դարձել ենք ինչ-որ հնարավորություն տարբեր ձեւաչափեր ձեւավորելու, որտեղ մենք որոշիչ գործոն չենք»,-ասաց պատգամավորը:

Նրա խոսքով, ինչքան էլ այսօր քննադատենք Ռուսաստանին, բայց օբյեկտիվորեն կան հանգամանքներ, որոնցից մենք չենք կարողանալու առաջիկա տարիներին ձերբազատվել, դրա կարիքն էլ չկա. «Ճիշտ հարաբերությունների դեպքում դու կարողանում ես նորմալ, գործընկերային ու ռազմավարական հարաբերություններ ունենալ: Նույնը Իրանի հետ կապված: Այս երկու երկրները այստեղ են, ոչ մի տեղ չեն գնացել, չեն էլ գնալու: Այս ամենը չգիտակցելը առնվազն տարօրինակ է: Հույս դնել, որ  ինչ-որ այլ, ժողովրդավարական  երկրների վրա, որոնք կգան, մեզ կօգնեն, կպաշտպանեն, տիրություն կանեն, առնվազն ռեալիստիկ չէ:

Երրորդ հարթությունը տնտեսությունն է. Այսօր ՀՀ տնտեսությունը ռուսական ուղղվածության շուկան է: Ռուսական էլիտաներն էլ շատ երկար չեն հանդուրժելու առկա իրավիճակը եւ ասում են՝ մեր հաշվին փող եք աշխատում, բայց ուրիշների շահերն եք սպասարկում:

Մեկ այլ հեռանկար, որ բացվում է, ԵԱՏՄ-Իրան համագործակցությունն է: Մեզ շատ են ասում, որ Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավենք, Թուրքիան մեծ շուկա է, բայց չեն ասում, որ մի մեծ շուկա էլ հարավում կա, դա Իրանն է:

Մենք հիմա պետք է քննարկենք, թե այս հնարավորությունները մենք ունենալո՞ւ ենք ԱՄՆ-ԵՄ-Թուրքիա եռանկյունում:

Շատ է խոսվում ժողովրդավարական արժեքների մասին. ես խորը համոզմունք ունեմ, որ յուրաքանչյուր պարագայում Հայաստանից է կախված լինելու, թե ինչ ժողովրդավարության որակ, ծավալ կարող է լինել մեր երկրում: Ոչ մի երկիր չի կարող դա մեր փոխարեն որոշել: Ուստի, մենք պետք է պատրաստ լինենք այն հանգամանքին, որ զարգացումներն աշխարհում գնում են նրան, որ դու ուզած-չուզած պետք է ընտրություն կատարես, այլ ելք չկա: Այդ ընտրության համար կարեւոր բաղադրիչներից մեկը՝ վստահությունը, էականորեն նվազել է»,- ընդգծեց Արմեն Գեւորգյանը:

«Երբ խոսում ենք ժողովրդավարական արժեքների մասին, ակնհայտ է, որ Արեւմտյան եռանկյունու ազդեցության տանողը Թուրքիան է, քանի որ տարածաշրջանում ինքն է ներկայացված. «Ասենք, ինչ-ինչ զարգացումների արդյունքում Թուրքիան դարձավ մեր տարածաշրջանի հեգեմոնը եւ «նայողը»: Ի՞նչ ժողովրդավարական արժեքների ու հեռանկարների մասին կարող ենք մենք խոսել այդ դեպքում»,- ընդգծեց ԱԺ պատգամավորը:

  • Կիսվել: