երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Այսօր Ֆրանսիայից ՀՀ կժամանեն տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող 30 ընկերությունների ներկայացուցիչներ. Մարտին Վասալը՝ ՀՀ վարչապետին

Այսօր Ֆրանսիայից ՀՀ կժամանեն տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող 30 ընկերությունների ներկայացուցիչներ. Մարտին Վասալը՝ ՀՀ վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Բուշ դյու-Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է ֆրանսիական պատվիրակության այցը Հայաստան և բարձր գնահատել անձամբ տիկին Վասալի ներդրումը Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների հետևողական զարգացման գործում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ներկայումս երկու երկրների միջև առկա է համագործակցության նոր շունչ ու մակարդակ, և այդ գործում իրենց ներդրումն ունեն նաև Ֆրանսիայի այն ռեգիոնները, որոնք Հայաստանի մարզերի հետ պահպանում են ամուր կապեր: Միաժամանակ, վարչապետն առանձնակի կարևորել է երկկողմ տնտեսական համագործակցության զարգացումն ու ամրապնդումը և այդ համատեքստում ընդգծել կառավարությունների ու տեղական ինքնակառավարման մարմինների սերտ փոխգործակցության անհրաժեշտությունը:

Մարտին Վասալն անդրադարձել է Հայաստանի հետ տնտեսության, առողջապահության, սոցիալական, հումանիտար ոլորտներում փոխգործակցությանը և դրանց ընդլայնման հնարավորություններին ու քայլերին: Մասնավորապես, Բուշ դյու-Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահը տեղեկացրել է, որ այսօր Ֆրանսիայից Հայաստան են ժամանելու տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող 30 ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք հայ գործընկերների հետ կքննարկեն ներդրումային ծրագրերի իրականացման և առևտրատնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները: Նշվել է նաև, որ Մարսելում առաջիկայում բացվելու է «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»:

Զրուցակիցները կարևորել են նաև Հայաստանի ու Ֆրանսիայի քաղաքների միջև համագործակցությունը, զբոսաշրջային փոխայցելությունների խթանումը:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին և դրանց լուծման քայլերին: Այս առումով, կարևորվել է միջազգային գործընկերների կողմից աջակցության ծրագրերի իրականացումը:

  • Կիսվել: