ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Այս քայլը սպասելի էր և տեղին․ Հրաչյա Հակոբյանը՝ Զատուլինի՝ Հայաստան մուտք գործելու արգելքի մասին

Այս քայլը սպասելի էր և տեղին․ Հրաչյա Հակոբյանը՝ Զատուլինի՝ Հայաստան մուտք գործելու արգելքի մասին

Եթե այլ երկրի քաղաքական գործիչը միջամտում է մեր ներքին քաղաքական կյանքին և անում է հայտարարություններ, օրինակ՝ պետք է վարչապետը հրաժարական տա, կամ այլ ներքաղաքական հարցերի միջամտում, կարծում եմ, որ այս քայլը սպասելի էր և տեղին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Զատուլինի քայլերը Հայաստանի իշխանության դեմ էին:

«Մենք ունենք մեր ներքին քաղաքական կյանքը և ցանկալի չէ, որևէ այլ երկրի քաղաքական գործիչ, կամ որևէ մեկն այլ երկրից մեր ներքաղաքական կյանքին որևէ ձևով միջամտի»,- նշեց Հակոբյանը:

Լրագրողի հարցին՝ Հակոբյանը կարծում է, որ Զատուլինը միջամտե՞լ է ներքին քաղաքական կյանքին, պատգամավորն ասաց՝

«Եթե այլ երկրի քաղաքական գործիչն անում է հայտարարություններ և ասում է պետք է վարչապետը հրաժարական տա, դա ինչ-որ ձևով միջամտություն է մեր ներքին քաղաքական կյանքին»,- նշեց նա:

Ճշտող հարցին, հենց դա է եղել պատճառը, ՔՊ պատգամավորն ասաց՝ որքան գիտի մեկ հայտարարությունի չի եղել, մեկ դիրքորոշում չի եղել, «տարբեր առիթներով նա փորձել է ներքաղաքական կյանքին որևէ ձևով միջամտել»:

Ինչ վերաբերում է՝ թե հայտարարություններն ինչ վտանգ են պարունակել,Հրաչյա Հակոբյանն ասաց, որ վտանգի հարցը չէ, «ինչու մենք պետք է թույլ տանք, որ որևէ օտար երկրի քաղաքացի, առավել ևս պաշտոնյա ինչ-որ ձևով միջամտի և խառնվի ներքաղաքական կյանքին, մեր ներքաղաքական գործերին»:

Հրաչյա Հակոբյանը չմանրամասնեց, թե Զատուլինի այցն է անցանկալի, թե անցանկալի անձ է համարվում, և նշեց, որ դա կարող են պարզել այդ հայտարարությունը տարածած օղակներից:

Հակոբյանը նաև հայտնեց, որ խմբակցությունում հարցը չի քննարկվել:

Իսկ հարցին, թե տարբեր երկրներից տարբեր գործիչներ եթե իշխանության դեմ հայտարարություններ անեն նրանց ևս կարգելվի մուտք գործել Հայաստան,Հակոբյանն ի պատասխան ասաց, որ «հիմա ունենք կոնկրետ դեպք և ունենք կոնկրետ արձագանք»:

Այսօր տեղեկություն տարածվեց, որ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է։

  • Կիսվել: