կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Այս քաղաքականությունն անկախ պետություն ունենալու համար է. Փաշինյան

Այս քաղաքականությունն անկախ պետություն ունենալու համար է. Փաշինյան

«Անկախություն ձեռք բերելն արդյոք նշանակում է հեռանալ հարաբերություններից, որտեղ ՌԴ-ն մոնոպոլիա ունի ՀՀ անվտանգության, էներգետիկ համակարգի և մի շարք այլ բնագավառների նկատմամբ». POLITICO-ի լրագրողն այս հարցն ուղղել է ՀՀ վարչապետ Նիկոլ փձաշինյանին:

Ի պատասխան՝ վարչապետն ասել է. «Կարծում եմ, որ այսօր «Գազպրոմ»-ը միայն ՀՀ-ին չէ, որ գազ է մատակարարում, այլև բազմաթիվ երկրների, դրանք գործոններ են, որոնց դերը չի կարելի թերագնահատել, բայց չի էլ կարելի գերագնահատել: Գազը կարևոր է և տնտեսության, և ամեն ինչի համար, բայց անկախությունը, ինքնիշխանությունը և պետականությունը նրա համար է, որ հենված չլինի գազի կամ որևէ այլ մեկ գործոնի վրա:

«Գազ» և «անկախություն» հասկացությունները նույն հարթության վրա դնելն այնքան էլ ճիշտ չէ: Ես կարծում եմ` մենք խնդիր ունենք մեր տարածաշրջանում հարաբերությունները կարգավորել այնպես, որ արտաքին որևէ աջակցության պոտենցիալ կարիքը հնարավորինս քիչ լինի: Ուզում եմ արձանագրենք, որ սա հեշտ խնդիր չէ, մյուս կողմից` այդ խնդրի ձևակերպումը հասել է հետևյալին` արդյոք մենք ուզում ենք ունենալ ինքնիշխան անկախ պետություն: Եթե ուզում ենք, իսկ մենք դա ուզում ենք, հարկավոր է այս հարցի շուրջ ունենալ լուծումներ, զարգացումներ` առավելագույնս խուսափելով ՌԴ - Արևմուտք, հյուսիս - հարավ բախումների կիզակետում հայտնվելուց և թատերաբեմ դառնալուց»:

Ռուսական ազդեցության մենաշնորհի թեմային անդրադառնալով` Փաշինյանը նշել է, որ այս ընթացքում` անկախության առաջին օրերից ի վեր, ՀՀ-ն շատ լուրջ և բնականոն հարաբերություններ է զարգացրել Միացյալ Նահանգների հետ, 2019 թվականից այդ հարաբերությունները ռազմավարական երկխոսության բնույթ ունեն։

«Եվրամիության հետ ունենք համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր, Իրանի Իսլամական Հանրապետության, Վրաստանի հետ մեր հարաբերությունները միշտ խորն են եղել։ Հիմա ուզում ենք նաև հարաբերությունները կարգավորել Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Եվ այս համատեքստում է, որ ի հայտ են գալիս բարդություններ, որովհետև նախորդ շրջանի ամբողջ, այսպես ասած, բեռը խնդիր է, պրոբլեմ է, որը պետք է կառավարվի։ Եվ սրա համար պետք է ճկունություն, լայնախոհություն, սթափություն։ Պետք է նաև հասկանալ, որ այս պրոցեսը շատ լուրջ ռիսկեր է պարունակում, և մենք դա ենք փորձում անել։

Կրկնում եմ՝ շատ կարևոր է, որ մեր նպատակն արձանագրվի։ Ինչո՞ւ ենք անում, որովհետև բաներ կան, որոնք մենք անում ենք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ կան, որոնք դա գնահատում են որպես դավաճանություն, ուրիշ քաղաքացիներ կան, որոնք համարում են ճիշտ քաղաքականություն, երրորդ խումբ քաղաքացիներ կան, որոնք հետևում են իրենց վերաբերմունքը և դիրքորոշումը ճշտելու համար։ Ինչի՞ համար է այս քաղաքականությունը. այս քաղաքականությունն անկախ պետություն ունենալու համար է։ Իրական, ժամանակակից աշխարհում հայտնի կանոններով ինքնիշխան պետություն ունենալու համար է»,- ասել է նա։

 

  • Կիսվել: