ԱՄՆ դատարանը չեղյալ է համարել «Ազատություն» ռադիոկայանին 12 մլն դոլարի հատկացումը կասեցնելու որոշումը
ԱՄՆ-ում վերաքննիչ դատարանի 11 դատավորներից կազմված կոլեգիան որոշում է կայացրել, ըստ որի՝ ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալությունը (USAGM) պարտավոր է հատկացնել ապրիլ ամսվա համար նախատեսված ֆինանսավորումը «Ազատ Եվրոպա / Ազատություն ռադիոկայան» մեդիակորպորացիային՝ համաձայն ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի կողմից հաստատված բյուջեի։ Խոսքը մոտ 12 միլիոն ԱՄՆ դոլարի մասին է։
Ապրիլի 29-ին ԱՄՆ շրջանային դատավորը հաստատել էր բյուջեի հատկացման որոշումը։ Սակայն վերաքննիչ ատյանի երեք դատավորներ այդ որոշումը ժամանակավորապես կասեցրել էին։
Այժմ USAGM-ը պարտավոր է կատարել ապրիլի 29-ի առաջին ատյանի դատարանի որոշումը և փոխանցել միջոցները մեդիակորպորացիային։ Միևնույն ժամանակ, գործակալությունը կարող է բողոքարկել վերաքննիչ ատյանի որոշումը ԱՄՆ Գերագույն դատարանում։
Մարտին ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալությունը, որը հովանավորում է «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանը», հայտարարեց մոտ 75 միլիոն դոլարի հատկացման սառեցման մասին։ Այդ միջոցներն արդեն իսկ տրամադրված էին ԱՄՆ Կոնգրեսի կողմից՝ մեդիակորպորացիայի գործունեությունը ֆինանսավորելու նպատակով։
Սույն որոշումը կայացվել է USAGM-ի ժամանակավոր ղեկավարության կողմից՝ հիմք ընդունելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը, որը կոչ է անում վերացնել ամերիկյան հարկատուների միջոցների ոչ արդյունավետ ծախսերը։