շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Օրենքով գողերն ի՞նչ կապ ունեն Գյումրու ավագանու մանդատի թեմայի հետ. Մարտուն Գրիգորյանի պարզաբանումը

Օրենքով գողերն ի՞նչ կապ ունեն Գյումրու ավագանու մանդատի թեմայի հետ. Մարտուն Գրիգորյանի պարզաբանումը

Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցած «Մեր քաղաքը» դաշինքի ղեկավար, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը դեռ չի կարողացել կապ հաստատել, հանդիպել ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության արդեն նախկին անդամ Կարեն Բադալյանի հետ՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել իրականում։

«Փորձում էին օրենք խախտել։ Իրականում ինչ-որ մարդիկ Կարեն Բադալյանի փոխարեն այդ ամեն ինչն անում են, որպեսզի այդ մանդատը ծառայեցնեին իրենց»,-տեղի ունեցածի մասին ասաց Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Գյումրու ավագանու՝ 6 հոգանոց «Մեր քաղաքը» խմբակցության անդամ Կարեն Հրայրի Բադալյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հրաժարականի դիմում էր ներկայացրել, օրենքով սահմանված կարգով համայնքապետի կողմից կազմվել էր արձանագրություն, այն ներկայացվել է թիվ 31 ԸԸՀ։ Հանձնաժողովն օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում չէր գործել, իսկ մինչ այդ Բադալյանը փոշմանել էր։ Նա երկու օր անց նոր դիմում էր  գրել ու հայտնել, որ պատրաստ է աշխատել ավագանիում, բայց մտադիր է դուրս գալ «Մեր քաղաքը» խմբակցությունից ու դառնալ ավագանու «անկախ» անդամ։ «Մեր քաղաքը» խմբակցության պայքարի արդյունքում մանդատը տրվեց խմբակցության ցուցակի հաջորդ համարին՝ Նարեկ Միրզոյանին։

Սակայն Վարչական դատարանը վարույթ է ընդունել Կարեն Բադալյանի հայցը, որով նա խնդրում է անվավեր ճանաչել համայնքի ղեկավարի արձանագրությունը։

«ՔՊ-ն անում է ամեն ինչ, որպեսզի Գյումրիում իշխանությունը խլի։ Այս դեպքում մենք կարողացանք  դրա դեմն առնել, իսկ դատական պրոցեսներին պատրաստ ենք, գնալու ենք մինչև վերջ»,-ասաց Գրիգորյանը։

Հարցին, Գյումրիում տարածվել են խոսակցություններ, որ Կարեն Բադալյանի վրա փորձել են ազդել օրենքով գողերի միջոցով, Մարտուն Գրիգորյանն ասաց՝ կասկածում է, որ նման խոսակցություններ կան, բայց չբացառեց, որ կլինեն մարդիկ, որոնք շահգրգիռ են նման խոսակցություններ տարածել, թշնամություն սերմանել թիմերի միջև։

«Սա հայտնի ձեռագիր է, իշխանության ձեռագիրն է։ Գյումրիում փորձում են իրականացնել մեկ ուրիշ խառնակչություն, որը թույլ չենք տալու։ Կգա ժամանակը, կպարզվի, կհասկանաք, ինչով էր պայմանավորված Կարենի այս քայլը։ Իշխանության ներկայացուցիչները Գյումրիում չեն հանդարտվում»,-ասաց Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Կիսվել: