չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Այս փուլում որևէ մեկը չի կարող ավելի լավ բանակցություն վարել, քան Փաշինյանը. «Իմ քայլի» պատգամավոր

Այս փուլում որևէ մեկը չի կարող ավելի լավ բանակցություն վարել, քան Փաշինյանը. «Իմ քայլի» պատգամավոր

Թիվ մեկ խնդիրը այս պահին ես համարում եմ գերիների հարցը, որ տղաները օր առաջ վերադառնան Հայաստան, չեմ ուզում նոր պատերազմի մասին հիմա խոսել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք համամիտ է իր գործընկեր Լենա Նազարյանի հետ, որ հետադիմական ու վնասակար են հզորանալու, վերազինվելու եւ մեր բաժին հաղթանակը ունենալու կարծիքները։

«Ես չեմ ուզում նոր պատերազմի մասին հիմա խոսել։ Ցանկացած պարագայում ամենակարեւոր բանը, որը մեզ անհրաժեշտ է՝ երկրի հզորացումն է։ Այդ մասին խոսելն այս պահին վաղ եմ համարում, կգա ժամանակը՝ միանշանակ կխոսենք»,- նշեց նա։

Անդրադառնալով հունվարի 11-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը եւ դրա ընթացքում ռազմագերիների հարցին լուծում չտալու հանգամանքին՝ Կարեն Սարուխանյանն ասաց․

«Այդ մասին Նիկոլ Փաշինյանը հրապարակային խոսեց եւ ներկայացրեց, որ ցավոք, այդ պահին բանակցությունները չստացվեց։ Բայց ես վստահ եմ, որ բանակցությունները շարունակվում են եւ հենց մենք այստեղ պետք է այնպես անենք, որ հանկարծ չվնասենք, չխանգարեք այդ բանակցություններին, որովհետեւ հարցը շատ նուրբ է, եւ մարդիկ՝ նույնիսկ ԱԺ-ում տեսանք, որ ոգեւորված ելույթներ են ունենում, փորձում են քաղաքականացնել, քաղաքական դիվիդենտներ շահել, բայց առհասարակ, մենք էլ կարող ենք բոցաշունչ ելույթներ ունենալ, խոսել այդ մասին, հիշեցնել իրենց անցյալը, բայց պետք է հաշվի առնենք շատ կարեւոր մի հանգամանք, որ մենք ունենք բազմաթիվ գերիներ, ովքեր թշնամու տարածքում են եւ այստեղ ցանկացած ոչ կոռեկտ, կոպիտ հռետորաբանություն կարող է վնասել նրանց»։

Ըստ պատգամավորի՝ ռազմագերիների վերադարձի հարցը միանգամից լուծվող հարց չէր։ Նա վստահություն հայտնեց, որ ռազմագերիները վերադառնալու են, չնշելով, թե երբ իշխանությանը կհաջողվի լուծել այդ հարցը։

«Փաշինյանն անելու է ամեն հնարավորը, որ ռազմագերիների հարցը օր առաջ լուծվի»,- նշեց նա։

«Իմ քայլի» պատգամավորը համաձայն չէ այն կարծիքների հետ, որ պարտված ղեկավարը ունակ չէ միջազգային հարթակներում պետություն ներկայացնել եւ բանակցություններ վարել, հաջողություն ունենալ։

«Վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ի զորու է, այլեւ այս փուլում որեւէ մեկը չի կարող ավելի լավ բանակցություն վարել ի նպաստ Հայաստանի Հանրապետության, քան երկրի վարչապետն է», ասաց նա։

  • Կիսվել: