հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Այս նախագիծը պետության ներքին  անվտանգությունը,  իմունային համակարգը  ուժեղացնելու և վթարային ելքերում լուծում գտնելու համար է․ Վլադիմիր Վարդանյան

Այս նախագիծը պետության ներքին անվտանգությունը, իմունային համակարգը ուժեղացնելու և վթարային ելքերում լուծում գտնելու համար է․ Վլադիմիր Վարդանյան

«Ամենամեծ վտանգը, որը կարող է առաջանալ  երկրի ներսում և նաև ստեղծել լրջագույն արտաքին մարտահրավերներ, դա իշխանության վակուումն է։ Հիմա խոշորացման գործընթացի արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ  խոշորացվող համայնքներն այլևս չկան և խոշորացման արդյունքում անհրաժեշտություն է առաջանում ինչ-որ անցումային փուլում նախատեսել  վթարային ելքեր, որպեսզի իշխանության վակուում չառաջանա»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը․ «Սա դասական այդ օրինակն է։ Որևէ մեկը ոչ մեկից ոչ մի իշխանություն  չի զավթում, բայց արդյոք հանդուրժելի է Հայաստանում իշխանական  վակուումը։ Չէ, հանդուրժելի է, եթե իհարկե, դու հանդես ես գալիս ՀՀ-ին թշնամական դիրքերից»։

Վարդանյանը մասնավորպես նշեց․ «Սա լուծում է, որը ապահովում է  հստակ, սահուն անցում  մեծամասնականից  դեպի համամասնական։ Այս իրավիճակը բացարձակապես չի լինելու այն դեպքերում, երբ մենք ունենալու ենք խոշորացված համամասնական կարգով ձևավորված  համայնքներ։ Բայց  հանդուրժել իշխանական վակուում, այն էլ՝  հանրապետության երրորդ քաղաքն ընդգրկող  համայնքում՝ բավականին վտանգավոր է»։

Վարդանյանի խոսքով, այս իրավիճակը  չի վերաբերում զուտ Վանաձոր խոշորացված համայնքին, այն կարող է վերաբերել  ցանկացած  դեպքին, երբ խոշորացման արդյունքում այդ  համայնքի  նախկին ՏԻՄ մարմինները այլևս լիազորություններ չունեն  և նորերը չեն հասցրել ձևավորվել․ «Եվ խոսքը վերաբերում է պարզապես ժամանակավոր պաշտոնակատար նշակակելուն»,- ընդգծեց պատգամավորը,  հետո դիմեց ընդդիմադիր պատգամավորներին․ «Այն արտաքին քաղաքական մարտահրավերները, որոնց մասին խոսում եք, կարևոր են և մենք պատրաստ ենք քննարկել, բայց արտաքին մարտահրավերին դիմակայելու համար նաև  ներքին իմունային համակարգ պետք է ունենաս։ Այս նախաձեռնությունը պետության ներքին  անվտանգությունը,  իմունային համակարգը  ուժեղացնելու և վթարային ելքերում լուծում գտնելու համար է։ Դե՞մ եք քվեարկելու, ուրեմն դուք կողմ եք  իշխանության վակուումին, կքվեարկեք կողմ,  ուրեմն իրոք մենք միևնույն հարթության վրա ենք»։  

  • Կիսվել: