երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Այս ԱԺ-ն մինչ լուծարվելը պետք է իրավաքաղաքական գնահատական տա առնվազն 25 տարի պետության զավթմանը. Բաբաջանյան

Այս ԱԺ-ն մինչ լուծարվելը պետք է իրավաքաղաքական գնահատական տա առնվազն 25 տարի պետության զավթմանը. Բաբաջանյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր Ազգային ժողովում հրավիրվել էր արտահերթ նիստ, որի օրակարգում Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծն է:

Նշենք, որ ՀՀ ազգային ժողովը քիչ առաջ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն հեղինակել են պատգամավորներ Արման Բաբաջանյանը, Սերգեյ Բագրատյանը, Վահագն Հովակիմյանը, Համազասպ Դանիելյանը:

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ ինքը հանդես է գալիս որպես ՛՛Հանուն Հանրապետության՛՛ կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, ինչպես նաև հանդես կգա արտախորհրդարանական դեմոկրատական ուժերի անունից, ովքեր ողջունել են այս գործընթացը:

՛՛Առաջարկում եմ, որ որոշ գործիչների մանիպուլյացիաները և շանտաժը հաշվի չառնեք: Խնդրում եմ այս առաքելության մեջ հաստատակամ մնաք՛՛,-ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ հնարավոր չէ այս ընտրություններին գնալ առանց իրավաքաղաքական գնահատական տալու 1998-ից մինչև 2018 թվականը տեղի ունեցած մեր պետության զավթմանը:

՛՛1998թ. նախագահական ընտրությունների 2-րդ փուլից մինչև 2018թ. դեկտեմբերի 9-ի ԱԺ ընտրությունների պատկերը ցույց է տալիս, որ նախորդ ռեժիմի` ՀՀԿ-ի օգտին հավելագրվել է 35-400 հազար քվե, և հենց այդ միջոցով հավերժացվել է այդ ռեժիմի կյանքը: Այս ԱԺ-ն մինչ լուծարվելը պետք է իրավաքաղաքական գնահատական տա առնվազն 25 տարի պետության զավթմանը: Վաղ թե ուշ դա անելու ենք` ձեզ հետ կամ առանց ձեզ: Այդ գնահատականը և դրանից բխող իրավական գործընթացները այդ անձանց ու այդ շրջանակներին ընդմիշտ մոռացնել կտան որևէ դերակատարություն շարունակել քաղաքական դաշտում՛՛,-ասաց Բաբաջանյանը:

 

  • Կիսվել: