շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ընտրական օրենսգրքում նոր կարգավորումներ են առաջարկվում

Ընտրական օրենսգրքում նոր կարգավորումներ են առաջարկվում

Ընտրական օրենսգրքի գործող կանոնակարգումների համաձայն՝ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն իրականացնում է նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, ծախսերի և դրանց հաշվարկման նկատմամբ վերահսկողություն:

Օրենքում 2021 թ. իրականացված փոփոխությունների համաձայն՝ Ընտրական օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասը, որն ուժի մեջ պետք է մտնի 2023 թ. հունվարի 1-ից, փոփոխվել է, ինչի արդյունքում վերը նշված գործառույթներն ապագայում պետք է իրականացնի ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:

Այս մասին ասել է պատգամավոր Արփինե Դավոյանը՝ ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելով իր և պատգամավոր Ալխաս Ղազարյանի ներկայացրած՝ ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաև վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ: Սահմանադրությամբ ընտրական գործընթացի բոլոր փուլերը, այդ թվում` նախընտրական քարոզչության, օրինականության նկատմամբ վերահսկողության իրականացման իրավասությունը, վերապահվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է կիրառվելիք օրենսդրական կարգավորումների սահմանադրականության վերաբերյալ մտահոգություններով»,- ասել է Արփինե Դավոյանը:

Համահեղինակի խոսքով՝ նշված խնդրի կապակցությամբ քննարկումները շարունակվում են:

Առաջիկայում նախատեսվում են ընտրական բարեփոխումներ, ուստի առաջարկվում է հետաձգել Ընտրական օրենսգրքի 2021 թ. ընդունված 22-րդ հոդվածի կիրարկումը, և խնդիրներին վերջնական լուծում տալու հարցը կարգավորել այդ բարեփոխումների շրջանակում:

Ազգային ժողովն ընդունեց նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:

  • Կիսվել: